Բաժիններ՝

Բայդենը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատվածի կառուցմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Տեխասի հարավում սահմանային պատի մի հատված կառուցել փորձելով դադարեցնել անօրինական ներգաղթի աճը։

Պատի գրեթե 32 կմ-անոց հատված կկառուցվի Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով՝ Սթարի շրջանում, որտեղ պաշտոնյաներն արձանագրում են սահմանի մեծ թվով անօրինական հատումների դեպքեր։

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությունն էր, որին դեմոկրատները խստորեն դեմ էին:

2020 թվականին Ջո Բայդենը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում այլևս ոչ մի մետր պատ չի կառուցի: Նրա վարչակազմը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ընդունեց հռչակագիր, որում ասվում էր, որ հարավային սահմանի երկայնքով պատ կառուցելը «լուրջ քաղաքական լուծում չէ»:

Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը, ըստ ամենայնի, փոխել է դիրքորոշումը սահմանի անօրինական հատումների մեծ թվի պատճառով։ Միայն Ռիո Գրանդեի հովտում այս տարի արձանագրվել է ավելի քան 245 000 անօրինական հատում։

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը նշել է, որ «սուր և անհապաղ կարիք կա»՝ կառուցելու պատի նոր հատված և կանխելու անօրինական մուտքը երկիր։

Այս քայլը քննադատության է ենթարկվել բնապահպանների կողմից, որոնց պնդմամբ՝ կառույցները կանցնեն վտանգված բույսերի և կենդանիների բնակավայրով (հաբիթաթ)։

Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 4-ին Fox News-ի եթերում Բայդենին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի մեջ՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է սահմանային հսկողության վերաբերյալ իր վարած խիստ քաղաքականությունից, սակայն հիմա ստիպված է վերադառնալ դրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս