Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ` հայկական ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջով. թիրախում ՀՀ էներգետիկ, ազգային անվտանգությունն է

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ` հայկական ԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) կոնսերվացման պահանջով:

Նշեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացիորեն լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:

Հայկական ԱԷԿ-ը Բաքվի ու Անկարայի կողմից թիրախավորվում է 1995 թ.-ից սկսած, երբ վերագործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը: Այս տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական պրոպագանդան ջանք ու եռանդ չէր խնայում հակամիջուկային լոբբինգ իրականացնելու համար: Բազմիցս հայտարարվում էր կայանի շահագործման էկոլոգիական ռիսկերի, սահմանամերձ գոտում գտնվող թուրքական բնակավայրերում ուռուցքաբանական հիվանդությունների տարածման, անգամ անոմալիաներով ծնվող երեխաների մասին: Երևանը մշտապես գիտական, քաղաքական, հրապարակախոսական մակարդակներում հեշտությամբ հերքում էր այդ զառանցանքը:

Այսօր Անկարայի ռազմավարության իրականացման համար ստեղծվել է առավել քան բարենպաստ պայմաններ:

Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը՝ ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է դարձնել Հայաստանը էլեկտրաէներգիա ներկրող երկիր: Միաժամանակ, մենք կարող ենք կորցնել տարածաշարջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի ռազմավարական կարգավիճակը:

Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներկայումս կառուցում է հսկայական միջուկային համալիր, իսկ Բաքուն բանակցություններ է վարում «Ռոսատոմի» հետ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կարող է հասցնել թե մեր էներգետիկ, թե առհասարակ՝ ազգային անվտանգությանը»,-ահազանգել է նա:

Տեսանյութեր

Լրահոս