
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին լուրերը

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը սխալ է անվանել վրացական հետախուզության հայտարարությունը, թե ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է որոշ թրեյնինգներ, որոնք միտված են եղել զանգվածային անկարգություններ կազմակերպելուն:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ Սերբիայի երեք քաղաքացիներ սեպտեմբերի 25-ին USAID-ի հրավերով ժամանել են հանրապետություն և դասընթացներ են անցկացրել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պետք է մասնակցեին իշխանությունը երկրում բռնի միջոցներով տապալելուն:
Սերբիայի քաղաքացիները, որոնք ներկայացնում են Canvas կազմակերպությունը, հարցաքննվել են Պետական անվտանգության ծառայության կողմից և արդեն լքել են Վրաստանը։ Հետախուզական ծառայության տվյալներով՝ դասընթացները ֆինանսավորել է USAID-ն։ Վրաստանի ղեկավարությունը USAID-ից պարզաբանումներ է պահանջել հետախուզական ծառայությունների հետաքննության հետ կապված։
«Մեր կողմից աջակցվող նախագծերից մեկի դեմ այսօր ներկայացված մեղադրանքները սխալ են և խեղաթյուրում են Վրաստանին ուղղված մեր օգնության նպատակները: USAID-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին 1992 թվականից: Ինչպես միշտ այս օգնությունը թափանցիկ է»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։