«Ինչո՞ւ կամ՝ աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը». Դեմոյան
Հայկ Դեմոյանը տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՔԱՐՏԵԶԸ
Ուշադիր ուսումնասիրելով այս քարտեզը, պարզ է դառնում, որ Ադրբեջանի հինական պորտալարը, կերակրափողը, շնչուղին, հիմնական զարկերակն ու ողնաշարը անցնում են մեր քթի տակով։ Չէ, կներեք, ոչ թե մեր քթի տակով, այլ ուղղակի քթանցքներով։ Ու բավական է մի փոքր փռշտոց մեր կողմից, Բաքվում հաստատ հարբուխ կսկսվի, իսկ ԱպՇԵՌոնի կառավարիչները կհայտնվեն խոնավ միջավայրում։
Եվ ոչ միայն նրանք։
Տավուշի մարզի հայկական դիրքերից դեպի ադրբեջանական հիմնական նավթամուղը, գազատարը, երկաթուղին ու Սև ծովի ավազան տանող մայրուղին ընդամենը 10 կմ է։ Ավելի պատկերավոր բացատրելու համար, պատկերացրեք դուք հզոր դիրքեր ու կրակակետեր ունեք Մոնումենտի բարձրունքներում ու ձեր նպատակն լիովին ոչնչացնել Նաիրիտ գործարանն ու հարակից տարածքները։ Այսօր հարձակողական դրոններով դպրոցականների մի խումբ կարող է երկար ժամանակով շարքից հանել Ադրբեջանի ՀՆԱ-ի 38 տոկոսը և արտահանման 80 տոկոսը ապահովող այս նեղ պարանոցը։
Էլ չեմ խոսում հայկական հեռահար հրանոթների կամ ականանետների մասին, որոնք այդ խնդիրը կարող են լուծել հաշված րոպեների ընթացքում։ Հաշվարկված է, որ գազատարի կամ նավթատարի պայթյունից հետո կպահանջվի առնվազն մեկ շաբաթ վթարը վերացնելու համար։ Քո ձեռքում է լինելու այդ բոլոր զարկերակները անընդհատ կտրելու հնարավորությունը, որը լրջագույն, բայց մինչ օրս չօգտագործված հաղթաթուղթ է Բաքվի կառավարիչները ոգևորությունը մարելու ու նույնիսկ նրանց կառավարելի ու հնազանդ դարձնելու համար։ ԻՆչու՞ այդ մասին նույնիսկ չի ակնարկվում։
1990-ականներին հայկական հատուկ ծառայություններին հաջողվում էր հենց Բաքվում իրականացնել հատուկ գործողություններ՝ որպես զգուշացում ու հատուցում ադրբեջանական զինուժի կողմից արցախահայության դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությանը։
Հասկանալի է, չէ՞ որ նման բացարձակ խոցելի վիճակում գտնվելով՝ Իլհամ Ալիևը չէր կարող սպառնալ, հոխորտալ ու Հայաստանին ծնկի բերելու հայտարարություններ անել, միաժամանակ շատ ինքնավստահ խոսելով նաև, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» մասին։
Ու որպեսզի բանկետը շատ ճոխ լինի, արժի մտածել շատ արագ ադրբեջանական անկլավների տարածքում Արցախից բռնագաղթվածների ավաններ ստեղծելու մասին, հիմնականում ՊԲ անձնակազմի ու նրանց ընտանիքների համար։ Թող Իլհամի ուզածով լինի՝ ինտեգրացիա՝ ադրբեջանական տարածքներում։ Այդ անկլավները շաաաատ մոտ են հենց այդ ադրբեջանական զարկերակներին․․․․
Այդ ժամանակ ազգովի վստահաբար կասենք՝ նոլդու Իլհամ Ալիև, հո դու գիժ չես, որ ռուսական գազի արտահանումը դադարեցնես ու թողնես, որ եվրոպաներում մարդիկ մրսեն կամ ցրտահարվեն․․․ Դա հաստատ չեն ների ոչ միայն ռուսներն ու եվրոպացիները, այլև հասարակ ադրբեջանցիները, ովքեր շատ շուտ կզգան այդ զարկերակների աշխատանքը կանգնելու հետևանքները․․․»։