
Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել. հարձակվողներից մեկն ինքն իրեն պայթեցրել է

Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել, հայտնում է CNN Turk-ը։
«Անկարայի կենտրոնում գտնվող Քըզըլայ թաղամասում պայթյուն է լսվել։ Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության մոտ։ Շրջակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել է, որ պայթյունը կապված է ահաբեկչական հարձակման փորձի հետ։
«Ժամը 09:30-ին երկու ահաբեկիչ, մեքենա վարելով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի դիմաց, պայթյուն են իրականացրել, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը վնասազերծվել է»,- մանրամասնել է թուրք նախարարը։
Փոխհրաձգության ժամանակ թեթև վիրավորվել է երկու ոստիկան։