
Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը տպավորված է աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի ելույթով:
«Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն: Ես վախ ունեի՝ կապված ոտքի հետ առկա խնդիրների հետ: Բայց նա հրաշալի կատարեց հենացատկի իր վարժությունը: Իսկ ինչ կապված է բազմամարտի հետ, նորմալ գնահատական ստացավ: Իմ կարծիքով՝ բազմամարտում հավաքակած 82.033 միավորը օլիմպիական վարկանիշ տվող միավոր է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբյանը:
Մարզչի խոսքով` բազմամարտում հանդես եկող Գագիկ Խաչիկյանի ելույթը վատը չէր՝ հաշվի առնելով, որ նախորդ մրցաշարերում նա ավելի վատ էր հանդես գալիս: Թե Հարություն Մերդինյանը, թե Գագիկ Խաչիկյանը ունեն հնարավորություն դուրս գալու առանձին գործիքների եզրափակիչ:
«Ինձ զարմացրեցին Արթուր Ավետիսյանի և Վահագն Դավթյանի գնահատականները: Զգացվում է, որ մրցավարներն առավել խիստ են դատում, քանի որ աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով Արթուր Դավթյանի վնասվածքին` մասնագետն ընդգծեց, որ լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ և կապված է մկանների հետ:
Մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունն անցկացվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Հայաստանի հավաքականից ԱԱ-ին մասնակցում են հինգ մարզիկներ` Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: