Ֆրանսիան ուսումնասիրում է ՀՀ պաշտպանական կարիքները, տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցը
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: Այդ մասին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կարող է Ֆրանսիան ռազմական միջամտություն ցույց տալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Լեկորնուն ասել է, թե անձամբ նախագահ Մակրոնն է հետևում իրավիճակին։
«Ես բազմիցս հանդիպել եմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Բացի այդ, ես ինձ համարում եմ առաջին ռազմական նախարարը, որ այդքան շատ շփումներ է ունեցել հայ գործընկերոջ հետ։ Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչ օրս գոյություն չի ունեցել, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն վարել հայկական բանակի, հայկական իշխանությունների հետ»,- նշել է Ֆրանսիայի ՊՆ նախարարը։
Ֆրանսիան ռազմապես կմիջամտի՞ Հայաստանի հարցերին, Լեկորնուն ընդգծել է, որ դրան չի հավատում, և որ այդ հարցին պետք է պատասխանեն Հանրապետության Նախագահը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը․
«Ուսումնասիրում ենք Հայաստանից եկող խնդրանքները․ դա, անշուշտ, այն է, ինչ մենք անում ենք»,- նշել է նա։