Բռնագաղթված 100.000 հայից 5072 բնակարանի համար է փող հատկացված բյուջեով
2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է, և վերջ» բղաված Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստան դարձնելու փոխարեն՝ դարձրեց Ադրբեջան։
Փաշինյանը, որ նախկիններից ժառանգություն էր ստացել 12 հազար քառակուսի կիլոմետրանոց և 150 հազար բնակչով Արցախ, իր վարած քաղաքականությամբ դատարկեց Արցախը՝ այն ամբողջությամբ հանձնելով Ադրբեջանին։
Ու թեև Փաշինյանը դեռ 2024 թվականի բյուջեի նախագիծը կազմելուց ամիսներ առաջ էր հայտարարել, որ «Ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս», ինչը ենթադրում էր, որ 2024 թվականի բյուջեն կազմելիս դրանում արտացոլված է լինելու Փաշինյանի ասածների և արածների հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված 120 հազար հայի կարիքների համար անհրաժեշտ գումարը, բայց արի ու տես, որ Արցախը հանձնած իշխանությունը հաստատել է 2024 թվականի բյուջեի նախագիծը, որով 120 հազար անտուն մնացած հայի կարիքների հարցը մնում է չբավարարված։
Եվ այսպես, սեպտեմբերի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասավ 100 հազար 417-ի։
Թեև Հայաստան եկողների թիվը 100 հազարն անցել է արդեն, բայց 2024 թվականի բյուջեով մասնավորապես Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում նախատեսվում է 2,000.0 մլն դրամի պետական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքների համար՝ ձեռք բերելու բնակելի անշարժ գույք կամ կառուցելու անհատական բնակելի տուն։
2024 թվականի բյուջեով նախատեսված է նաև 467.5 մլն դրամ՝ ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած 540 շահառուի համար։
Հանրագումարում՝ ըստ Կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծի՝ Հայաստանի պետական բյուջեից գումար է հատկացվելու 4572 հոգու։
Նշենք, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված է նաև սոցիալական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության համար։
Այս միջոցառման իրականացման համար նախատեսվում է հատկացնել 10 մլրդ դրամ: