Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շուրջ 2000 լիրայով պակաս է սովի շեմից
Թուրքիայի արհմիությունների համադաշնության կողմից հրապարակված հաշվարկային տվյալների համաձայն՝ (TÜRK-İŞ) Թուրքայում սովի շեմը բարձրացել է՝ հասնելով 13․334 լիրայի, իսկ աղքատության շեմը՝ 43․433-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համադաշնությունը հաշվել է նաև Թուրքիայում միայնակ ապրող և աշխատող մարդու կեցության համար անհրաժեշտ ամսական գումարը։ Այն կազմել է 17․336 լիրա։
Այս ֆոնին հատկանշական է այն, որ ըստ «TÜRK-İŞ»-ի՝ 2023-ի նվազագույն աշխատավարձը կազմում է 11․402 լիրա, ինչը շուրջ 2․000-ով պակաս է Թուրքիայում հաշվարկված սովի շեմից։
Նշենք, որ Թուրքիայում 4 անձից բաղկացած ընտանիքի առողջական կարիքները հոգալու համար և ըստ հարկի ու անհրաժեշտության, ընտանիքի կերակրման համար նախատեսված ծախսերի չափը համարվում է սովի շեմ։
Իսկ աղքատության շեմ համարվում է այն անմբողջական ծախսերի չափը, որն իր մեջ ներառում է մեկ ընտանիքին անհրաժեշտ կացարանի, ժամանցի, ջեռուցման, տրանսպորտի և կրթության վճարները։