Նիկոլ Փաշինյա՛ն, քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում․ Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ԼՂ Հանրապետության լուծարման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումն Արցախի էջը փակելու փաստաթուղթ չի համարում։
«Միանգամից ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ և չի էլ կարող փակվել»,- հերթական տեսաուղերձում ասաց Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ փաստ է՝ այն, ինչ կատարվում է տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահի իշխանության պատասխանատվության տիրույթում է, հետևաբար, Արցախի այս մեծ ողբերգությունն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր։
«Այն, ինչ կատարվեց Արցախում, այս մեծ ողբերգությունը, որը եկավ մեր ժողովրդի գլխին, ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր. դա Փաշինյանն է և նրա փոքր խումբը։ Բոլորը միասին՝ իրենց սխալներով, միտումներով, մեր ժողովրդի գլխին բերեցին այս մեծ ողբերգությունը»,- ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ դեռ վերքը թարմ է և չենք զգում ցավն ամբողջությամբ, բայց որոշ ժամանակ անց կզգանք ողբերգության մեծությունը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը եթե չսխալվեր՝ 2018 թվականից սկսած, ապա այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, Լաչինի միջանցքով։
«Եթե նա նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո մնար հավատարիմ այդ հայտարարության բովանդակությանը, խաղեր չտար, ուրիշ տեղեր չգնար, խոստումներ չտար, հավատացե՛ք, մենք այսօր կունենայինք Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով, առանց Շուշիի։ Փաշինյանն արեց երկրորդ ճակատագրական սխալը։
Եթե նա Պրահայում չճանաչեր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ապա մենք այսօր կունենայինք միջազգային հանրության աջակցությունը, այն հանրության, որն ասում էր, որ կարգավիճակի հարցը պետք է դեռ քննարկվի, հետևաբար, այսօրվա ողբերգությունն այդ մեկ մարդու սխալի հետևանքն է»,- ասաց նա։
Վարդան Օսկանյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր սխալներով՝ դեմ գնաց պատմական օրինաչափություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին, ինչպես պատերազմից հետո, այնպես էլ՝ պատերազմից առաջ։
«Ձեռնոց եմ ուզում նետել այն մարդկանց, որոնք ասում են, թե չէր կարող Արցախն Ադրբեջանի կազմում չլիներ։ Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա, որ որևէ լուրջ երկիր՝ Ռուսաստան, Չինաստան, և այլն, որը գոնե մի հայտարարությամբ ասել է, թե Արցախը Ադրբեջանի մաս է, կամ պետք է Արցախի հարցը լուծվի Ադրբեջանի ամբողջականության ներքո, ես ներողություն կխնդրեմ։ Չկա նման բան՝ 1998-2018 թվականը ներառյալ»,- ասաց Օսկանյանը՝ նշելով, որ Փաշինյանը նպաստել է հայ ժողովրդին վնասող պատմական օրինաչափությունները շրջել գլխիվայր։
«Սխալ, սխալ, սխալ… այս ամենը իրավունք է տալիս ասելու, որ միտումի տեսությունն իրավունք ունի գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, որ դրա անկարողությունը, տգիտությունն այս հարցերում, անտեղի վրեժխնդրությունը Արցախի հետ կապ չունեցող հարցերում՝ նրան շեղեց ու մեր ժողովրդի գլխին բերեց այս աղետը»,- ասաց Օսկանյանը։
Նախկին արտգործախարարը նշեց, որ պետք է օրակարգում պահել արցախահայերի վերադարձի խնդիրն ու տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին, պետք է տեր կանգնի նաև Ադրբեջանում գերեվարվածներին։
«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, Հայաստանի ձեռքում այսօր լծակներ կան, պետք է բանակցությունները կանգնեցնի, մինչև Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու այլք ազատ չարձակվեն»,– ասաց Օսկանյանը։
«Նիկոլ Փաշինյան, Հայաստանի ղեկավար լինելը քո հագով չի, սա հասկացիր, դու չես կարողանում։ Քո մնալով՝ հայ ժողովուրդը խեղդամահ է լինում, գնա, թող այս ժողովուրդը շնչի։ Սթափվի՛ր մի քիչ»,- խոսքը եզրափակեց նախկին արտգործնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։