ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին
ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը: Այս մասին Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
Փաուերը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության անվտանգությամբ։
Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ բռնի տեղահանվածներին ընդունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար:
«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը: Արձագանքման թիմը կգնահատի իրավիճակը, կպարզի առաջնահերթ կարիքները՝ մեծացնելու համար օժանդակությունը, և կաշխատի գործընկերների հետ՝ ապահովելու հրատապ անհրաժեշտ օգնություն»,-ասել է Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է, որ Ադրբեջանի՝ անցյալ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն էլ ավելի է վատթարացրել առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։
«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական օղակը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապահովվում են սննդով դեղորայքով, վառելիքով և առևտրային պաշարներով»,-նշել է Փաուերը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 25-ին: Նրանք այցելել էին նաև Կոռնիձոր, Փաուերն անձամբ էր շփվել բռնի տեղահանված քաղաքացիների հետ, ծանոթացել իրավիճակին: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել:
Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: