Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումներին և ԼՂ ղեկավարների ձերբակալությանը՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին կոնգրեսականը գրել է X սոցցանցի իր էջում։
«Մեր աչքերի առաջ Արցախում տեղի են ունենում էթնիկ զտումներ. հայերը լքում են իրենց 2000 տարվա հայրենիքը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր նրանք, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են, պետք է ազատ արձակվեն», – գրել է Շերմանը։
Նա անհրաժեշտ է համարել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, եթե այս գործելակերպը չդադարի։
«Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ դրեք այս ամենին կամ ենթարկվեք պատժամիջոցների… Սա 21-րդ դարն է. ԱՄՆ-ն չի կարող անտեսել էթնիկ զտումները», – նշել է կոնգրեսականը։
Շերմանը հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի հետ օրինագիծ է ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու համար։