ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ

Ադրբեջանի կառավարությունը կողջունի միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ, և ԱՄՆ-ն այդ ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Կարող եմ ասել, որ մենք ողջունեցինք քիչ առաջ՝ նախքան իմ ամբիոն բարձրանալը, Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Պետքարտուղարն ուղղակիորեն նախագահին (խմբ՝. Ադրբեջանի) հորդորում էր դա անել, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնեց դրան։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին, որպեսզի վերջնական հստակ տեսք հաղորդենք այդ առաքելությանը», – ասել է Միլլերը։

Նա նաև կրկնել է այն մի շարք առաջնահերթ նպատակները, որոնց Վաշինգտոնը ցանկանում է հասնել տարածաշրջանում, որոնք, Միլլերի խոսքով, շեշտել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այնպես էլ Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդ՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ բավարարվում են հումանիտար կարիքները, ինչը նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել հումանիտար մատակարարումների մուտքը։ Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելության ուղարկում՝ երաշխավորելու, որ այդ կարիքները բավարարվեն», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, ի վերջո, տեսնել, որ կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, որտեղ կարող են վերջապես հասնել արժանապատիվ, կայուն խաղաղության։ Նա շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ շփումների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին օրերի բռնություններից հետո այցելել են տարածաշրջան։

Շեշտելով, որ Վաշինգտոնն արել է ամեն բան, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ Միլլերը նշել է, որ համաձայնության պետք է հասնեն հենց կողմերը, որոնք ունեն ուղիղ տարաձայնություններ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև անդրադարձել է Ռուսաստանի դերին վերջին օրերի ընթացքում։

«Անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է կատարել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք երբեմն տեսել ենք, որ որոշ դեպքերում նրանք նպաստել են բանակցություններին, և մենք դա ողջունել ենք, սակայն, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն ադյունավետ չի եղել այս իրավիճակում», – ասել է պաշտոնյան։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», – եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս