Թուրքիան «միգրացիոն պահեստ»՝ Եվրամիության համար
Եվրոպական երկրները շարունակում են անհանգստանալ անօրինական փախստականների խնդրով, որը վերջին շրջանում տարածվել է ամբողջ Եվրոպայում։ Մանավորապես Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերը հայտարարություն է արել ԵՄ երկրներում աճող փախստականների վերաբերյալ և որպես լուծում մատնանշել է Թուրքիային։ Ֆայզերը նաև նշել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցել և ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագիրը թարմացնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հունաստանի միգրացիայի նախարար Դիմիտրիոս Կայրիդիսը։ Նա ցանկություն է հայտնել, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև 2016-ին Հունաստանի նախաձեռնությամբ ստորագրված միգրացիոն համաձայնագիրը նորացվի և ընդլայնվի։
Միգրացիայի նախարարը «ERT» հեռուստաալիքի եթերում հայտարարել է․ «Համաձայնագիր ենք ուզում ստորագրել, դրական մթնոլորտ է։ Համաձայնագիրը կնքվելու է Թուրքիայի և Եվրոպայի միջև, դա թուրք-եվրոպական խնդիր է»։
Կայրիդիսը նշել է, որ դեկտեմբերի 7-ին Սալոինկում կկայանա Թուրքիա–Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ժողովը, որի ընթացքում վերոնշյալ հարցը կլինի օրակարգում
Կայքը հետևյալ լուրերը մեկնաբանել է որպես․ «ԵՄ-ն նոր համաձայնագիր է փնտրում, որպեսզի «միգրացիոն պահեստի» վերածի Թուրքիան։
Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 18-ին Եվրամիության և Թուրքիայի միջև ստորագրվել է փախստականների մասին համաձայնագիր այն բանից հետո, երբ 2015-ին Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից փախչող հարյուր հազարավոր փախստականներ եկան Եվրոպա: Համաձայնագրի համաձայն՝ Անկարան համաձայնել է հետ վերցնել փախստականներին, ովքեր Թուրքիայի տարածքով ապօրինաբար անցել են Էգեյան ծովի հունական կղզիներ և համաձայնվել է պայքարել մաքսանենգերի դեմ ու այդ ամենի դիմաց ԵՄ-ն Թուրքիային տրամադրել է ֆինանսական օգնություն։