Անհապաղ փրկել այրվող մարդկանց

Ժամեր առաջ Ստեփանակերտի մերձակա տարածքում գտնվող վառելիքի պահեստում դեռևս անհայտ պատճառով տեղի ունեցած ուժգին պայթյունի արդյունքում կան հարյուրավոր վիրավորներ ու զոհեր։

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմական գործողությունների պատճառով արտակարգ իրավիճակների, փրկարար ծառայության, շտապ բուժօգնության համակարգերը գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, աշխատում են առանց վառելիքի, դեղորայքի ու բավարար թվով անհրաժեշտ մասնագետների։

Ստեփանակերտից ստացվող տագանապալի տեղեկությունների համաձայն, հարյուրավոր վիրավորների տեղափոխումն անգամ բուժհաստատություններ ֆիզիկապես անհնարին է՝ նրանց ստացած այրվածքների պատճառով։

Սովորական բուժօգնությունը գործնականում չի կարող փրկել այդ մարդկանց։

Կարդացեք նաև

Այս պահին միակ տեսանելի հնարավորությունը «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի, ՄԱԿ տարբեր մարդասիրական գործակալությունների կողմից անհապաղ բժշկական օգնություն հասցնելն է՝ օդային ճանապարհով՝ ուղղաթիռներով: Միայն այդպես է հնարավոր այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով վիրավոր անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնել:

«Կարմիր Խաչը» և մյուս մասնագիտացված մարդասիրական կառույցներն ունեն նման իրավիճակների համար անհրաժեշտ արագ արձագանքման մասնագիտական խմբեր, լոգիստիկ և մասնագիտական կարողություններ։

Կոչ ենք անում, խնդրում ենք, պահանջում ենք աշխարհում բոլոր որոշում կայացնողներին, քաղաքական առաջնորդներին ու քաղաքական գործիչներին, մտավորականներին ու ազդեցիկ մարդկանց՝ վեր կանգնել քաղաքական, աշխարհաքաղաքական շահերից ու հաշվարկներից և անհապաղ ապահովել կրակի մեջ այրվող մարդկանց օգնությունն ու տեղափոխումը։

Հապաղումը կարող է արժենալ կյանքեր վերջին օրերին արդեն իսկ անհաշվելի մարդկային կորուստներ ունեցած Արցախի համար։

 

Տեսանյութեր

Լրահոս