Կրկժանի վերեւի հատվածում ադրբեջանցիներ են մտել, բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա. Բեգլարյան. NEWS.am

Ստեփանակերտի Կրկժան թաղամասի սկզբնամասում գտնվող մի քանի տներ ադբեջանական զինծառայողները մտել են դեռ սեպտեմբերի 20-ին կամ 21-ին, դա հայտնի փաստ է, որեւէ նոր բան չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իրեն այս տեղեկությունը հայտնել են հենց բնակիչները:

«Տների հիմնական մասը դատարկ է, Կրկժանի ներքեւի հատվածում մարդիկ իրենց տներում են մնացել, բայց այն մասը, որը մոտ է ադրբեջանական զինծառայողներին, բնակիչները լքել են իրենց տները: Բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա, որովհետեւ տեղում ռուս խաղաղապահները անցակետ են տեղադրել, մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, այնպես չէ, որ իրենք ամեն պահի կարող են Ստեփանակերտ մտնել: Այսինքն անվտանգային խնդր խոշոր առումով չկա»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ ինքը պաշտոնական աղբյուր չի հանդիսանում, նա թվիթերյան իր միկրոբլոգում անգլերեն լեզվով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է հայտնում լսարանին՝ բնակիչներից, լրագրողներից ստացած ինֆորմացիայի հիման վրա:

Նշենք, որ Կրկժանը Ստեփանակերտի վերեւի արվարձաններից է, այն բավական տարածված է եւ որոշ տներ հիմնական թաղամասից բավական հեռու են գտնվում:

Տեսանյութեր

Լրահոս