Բաժիններ՝

Հայտնի են 2024 թ. «Ավրորայի» հերոսները

2024 թ. «Ավրորա» մրցանակին են հավակնում մերօրյա հերոսներ Բահրեյնից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Իրանից: Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Լոս Անջելեսում՝ 2024 թ. մայիսին: Ինչպես տեղեկանում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվեին «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր. շնորհման արարողությունը տեղի կունենա 2024 թ. մայիսին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Մենք ուրախ ենք հայտարարել այն երեք բացառիկ անհատների անունները, որոնց ընտրել ենք որպես 2024 թ. «Ավրորայի» հերոսներ: Նրանք տարբեր են իրենց կենսափորձով, բայց նրանց միավորում է մարդկությանը ծառայելու նվիրումը: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերել է արտասովոր խիզախություն և նվիրվածություն՝ օգնելով այլոց վտանգավոր իրավիճակներում՝ մի կողմ դնելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2024 թ. «Ավրորայի» հերոսներն են.

Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը խիզախորեն պաշտպանել է Բահրեյնի ամենախոցելի համայնքների իրավունքները, հատկապես նրանց, ում իրավունքները պարբերաբար խախտվել են: Աբդուլհադի ալ-Խավաջան մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ 2011 թ. Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար: Որպես հետևանք՝ զինվորական տրիբունալը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։

Դենիս Մուկվեգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)՝ գինեկոլոգ և մարդու իրավունքների պաշտպան, որը 1999 թվականից բժշկական օգնություն է տրամադրում պատերազմի ժամանակ սեռական և գենդերային բռնության ենթարկված կանանց, պայքարում գենդերային հավասարության և բռնաբարությունը՝ որպես պատերազմի զենք, Կոնգոյում և ամբողջ աշխարհում վերացնելու համար։ Բժիշկ Մուկվեգեն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Նասրին Սոթուդե (Իրան)՝ մարդու իրավունքների պաշտպան, որը 2003 թվականից հանդես է գալիս որպես փաստաբան՝ ներկայացնելով իրանցի ընդդիմադիր գործիչների, երիտասարդ բանտարկյալների և կանանց իրավունքների պաշտպանների շահերը, այդ թվում՝ այն կանանց իրավունքները, որոնք ձերբակալվել են Իրանում պարտադիր գլխաշոր (հիջաբ) կրելու դեմ բողոքելու համար: Իր գործունեության պատճառով Նասրին Սոթուդեն բազմիցս բանտարկվել է, այդ թվում՝ պատիժ կրել նաև մենախցում:

«Այս տարի ստացել ենք ավելի քան 700 հայտ, և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը պետք է դժվար ընտրություն կատարեր՝ այդ բացառիկ անհատներից առանձնացնելով երեքին»,-ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: -«Այս երեք մարդասերներն անվախ են իրենց գործում՝ աներևակայելի հանգամանքներում օգնելով այլոց, և մեզ համար պատիվ է աշխարհին պատմել նրանց գործունեության և ունեցած ազդեցության մասին»:

2024 թ․ «Ավրորա» մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլում, որը տևեց 2022 թ. հունիսի 1-ից մինչև 2023 թ. մայիսի 31-ը, ներկայացվել է 732 հայտ՝ ներառելով 675 հերոսի առաջադրում: Հայտերը ստացվել են 75 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Քենիա, Հայաստան, Նիգերիա, Գերմանիա, Պակիստան, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և Իրան:

«Զարմանալիորեն մեծ է մարդասիրական աջակցության կարիքն աշխարհի բոլոր անկյուններում, և «Ավրորայի» կողմից ճանաչման արժանացած յուրաքանչյուր անհատ շոշափելիորեն փոխում է նրանց կյանքը, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, և սա ոգեշնչում է մեզ բոլորիս»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր նախագիծն է, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը ճանաչման է արժանացնում և աջակցում նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, ովքեր տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետևանքով։ Մինչ օրս նախաձեռնությունն օգնության ձեռք է մեկնել ավելի քան 2.7 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, որոնք տուժել են պատերազմների, հակամարտությունների, տեղահանությունների, հետապնդումների և այլ խնդիրների հետևանքով:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության: Յուրաքանչյուր դափնեկիր արժանանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգևի և ստանում նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝ օգնելով կարիքի մեջ գտնվող մարդկանց:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն, IMAGINE կազմակերպության համահիմնադիր և համանախագահ Փոլ Փոլմանը և մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը: Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս