Ադրբեջանի ՊՆ-ն «դժբախտ պատահարի» զոհերին շեխիդ է դարձնում

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին իրենց ժամանակով 20:30-ի սահմաններում տեղեկություն տարածեցին, թե բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում ռազմական մեքենայի վթարի հետևանքով ադրբեջանական բանակի երեք զինծառայող է մահացել:

Իսկ «Հաքքինազը», հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրել էր, որ զինծառայողները մահացել են ռազմական տրանսպորտային միջոցի կործանման հետևանքով: Այսինքն, խոսքն այս դեպքում օդային տրանսպորտի մասին է:

Թե զինծառայողներն իրականում ինչ հանգամանքներում են զոհվել, թերևս, դեռ նոր փաստեր ջրի երես դուրս կգան: Հնարավոր է՝ իրականությանը համապատասխանում է հենց «Հաքքինազի» տեղեկությունը:

Կարդացեք նաև

Ի դեպ, ադրբեջանցի զինծառայողների «ոչ մարտական» պայմաններում կամ «դժբախտ պատահարից» զոհվելու լուրից մոտ մեկ ժամ հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե իբր «հայկական զինված խմբավորումները սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ կատարել են դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, ինչը կասեցվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, և նրանք նահանջել են՝ ունենալով մեկ վիրավոր»:

Արցախի պաշտպանության բանակն ադրբեջանական այս հայտարարությունը հերքել էր՝ համարելով ծայրից ծայր կեղծիք:

Իսկ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ «դժբախտ պատահարից» մահացած Ադրբեջանի բանակի 3 զինծառայողներին շնորհվելու է «շեխիդի կարգավիճակ»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողները հենց Ադրբեջանի զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման ձախողված փորձի արդյունքում են մահացել:

168.am-ը հունիսին գրել էր, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար է նշանակվել Անար Էյվազովը: Բացի այդ, նրան շնորհվել էր զինվորական նոր կոչում՝ գնդապետի: Մինչ այս նա զբաղեցնում էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը և 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կատարում էր  ծառայության պետի պաշտոնակատարի պարտականությունները, երբ Վագիֆ Դարգյահլըն Ադրբեջանի ԳՇ-ում նոր պաշտոն ստացավ:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊՆ մամուլի ծառայությունում կատարված կառուցվածքային փոփոխությամբ հաստատվել է մամուլի քարտուղարի պաշտոն, և այս պաշտոնում նշանակվել էր այն ժամանակ փոխգնդապետ Էյվազով Անար Մահամմադալի օղլուն:

Նշվում էր, սակայն, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության գործունեությունը, ներառյալ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը, շարունակելու է ղեկավարել գնդապետ Վագիֆ Դարգյահլըն:

Իսկ թե ինչու են ադրբեջանական լրատվամիջոցները «դժբախտ պատահարի» հանգամանքների մասին իրարամերժ տեղեկություններ տարածում, դա արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարության խնդիրն է, որը ևս փաստերը համադրելու գործում բացթողումներ է թույլ տալիս:

Տեսանյութեր

Լրահոս