Փաշինյանն Արցախի վերաբերյալ հղում է անում ոչ թե փաստաթղթերին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

«Ալմա Աթայի հռչակագրին միանալու արձանագրության առումով գուցե այդքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստի և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետև Ալմա Աթայի արձանագրությունը ձեր նշած պայմանագրին՝ Սովետական Միության, ըստ էության, կազմալուծման և անկախ պետություններ դառնալու՝ Բելովեժյան, միանալու մասին է, և այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա Աթայի հռչակագիրը»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հարցի կարգավորման հիմք, և ո՞վ է  դրա նախաձեռնողը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հենց սկզբից էլ այդ թեման եղել է, քանի որ Հայաստանի վերապահումներում նշված է այն մասին, որ անկախ միավորները պետք է լինեն անկախ պետությունների համագործակցության մաս։

«Ես իմ հարցազրույցում, եթե չեմ սխալվում, հիշատակել եմ 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի տված նույնաբովանդակ հարցազրույցը, ով խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին այդ համատեքստում, ասում է, որ ռուսական մոդելի ինքնավարությունն այն է, ինչ մենք ուզում ենք լեռնային Ղարաբաղի համար, այլ բան մեզ պետք չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  վավերացրել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը հետևյալ վերապահումներով. մասնավորապես՝  «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս