Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ. այն մեզ համար «կարմիր գիծ» է. Նիկոլ Փաշինյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խնդրանքով մեկնաբանեց Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որում նա ասել էր, որ այդ միջանցքը կարևոր է, որի վերաբերյալ Ադրբեջանի հետ ինտենսիվ աշխատում են։

«Այս և նման հարցերին տասնյակ անգամ եմ պատասխանել, բայց այս անգամ փորձեմ նախկինում տված պատասխաններիս վերջին հատվածից սկսել, այսինքն՝ սկիզբն ու վերջը տեղափոխել։

Առաջինը՝ արդյո՞ք մենք դեմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, մենք, ընդհակառակը, կողմ ենք դրան։ Կարծում ենք՝ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է։ Արդյո՞ք մենք դեմ ենք տարածաշրջանի երթուղիների բացմանը, ո՛չ, կողմ ենք, և կողմ ենք, որ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանը Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։

Արդյո՞ք մենք դեմ ենք, որպեսզի Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր, ոչ, դեմ չենք, ընդհակառակը՝ շահագրգռված ենք այդ ծրագրերով և հետաքրքրված ենք այդ ծրագրերով, որը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։ Մենք այս բոլոր ծրագրերին ոչ միայն կողմ ենք, այլև անկեղծ ինքներս շահագրգռություն ենք ցուցաբերում դրանց իրագործման համար։ Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն, ոչ միայն դա մեզ համար անընդունելի է, այլև «կարմիր գիծ» է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս