Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության նշաններ ունի․ Բոբ Մենենդես

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանության բոլոր նշանները։

Սենատորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար:

Մենենդեսը ներկայացրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

«Ադրբեջանում Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։ Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․․ Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց մատնել սովի՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», – ասել է Մենենդեսը՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է անցյալ տարվա դեկտեմբերից։

Սենատորը հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին 9 ամիսների ընթացքում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը, որի պատճառով ավելացել են թերսնուցումից մահացության դեպքերը։

«Այս պահին ԱՄՆ-ն ձախողվում է։ ԱՄՆ-ն չի բավարարում հումանիտար կարիքները և հանրային կերպով բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», – ասել է Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:

Մենենդեսը կոչ է արել փոխել մոտեցումը և ոչ միայն աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այլև միջնորդ հանդիսանալ կողմերի միջև համաձայնագրի կնքման գործում։

«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգները կարող է և պետք է ակտիվ դերակատարում ունենա այս հակամարտության լուծման հարցում», – ասել է նա։

Սենատորը նաև համոզված է, որ հարկավոր է էթնիկ զտման այս արշավը կազմակերպողներին, այդ թվում՝ Իլհամ Ալիևին, պատասխանատվության ենթարկել իրենց հանցանքների համար։

Բոբ Մենենդեսը կարծում է, որ այս իրավիճակի հանգուցալուծման համար ԵՄ-ն նույնպես պետք է քայլեր ձեռնարկի։ Նա հիշեցրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգության մասին։

«Հուսով եմ, որ այդ խոսքերը կուղեկցվեն գործողություններով։ Ադրբեջանի գազը վերցնելու և այդ երկիրը, մեջբերում եմ, «էներգետիկ ոլորտի կարևոր գործընկեր» ներկայացնելու փոխարեն նրանք նաև պետք է ճնշում գործադրեն շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ», – ասել է Մենենդեսը։

Սենատորը շեշտել է, որ այժմ աշխարհը տեղյակ է Ալիևի ցեղասպանական մտադրությունների մասին և պետք է թույլ չտա, որ նրան հաջողվի բնաջնջել այս հայկական համայնքը։ Նա հավելել է, որ Աղդամի ճանապարհը բացելը Լաչինի միջանցքը բացելու այլընտրանք չէ։ Բոբ Մենենդեսը խոստացել է, որ կանի ամեն բան, որպեսզի հայերի դեմ այս դաժան արշավն իրականացնողները վճարեն դրա համար և արդարադատության ենթարկվեն։

Տեսանյութեր

Լրահոս