«Որքա՞ն անմեղսունակ պետք է լինի երկրի ղեկավարը, որ ասի՝ դա ես չեմ արել, Պուտինն է արել». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները «կրկես և հաց» տրամաբանությամբ շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի եղել, կամ մեկ-երկու նախադասություն ասել, հետո էլի խոսել խաղաղության մասին:

«Ստեղծված իրավիճակի մասին խոսել, բայց հետո ասել՝ ինչ պետք է՝ կզիջենք, միայն յոլա գնանք, նույն տրամաբանության մեջ է, ինչ 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ բոլորն անհանգիստ էին, կային տեղեկատվական հոսքեր՝ ադրբեջանական մոբիլիզացիայի, զորավարժությունների մասին: Փողոցում ցանկացած մարդ գիտակցում էր, որ լարված իրավիճակ է, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված էր տունտունիկ խաղալով, և մի հարցազրույցում Նիկոլն Ադրբեջանում գունավոր հեղափոխություն էր խոստանում կազմակերպել: Հիմա նույն իրավիճակն է: Այս օրերին, այսպիսի լարված մթնոլորտում դիվանագիտական քայլերի, թիկունքային աշխատանքի փոխարեն՝ դպրոց բացելու, մարդկանց մոլորեցնելու ու համերգ կազմակերպելու հիվանդագին մոլուցքով են տարված»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների հակառուսական հայտարարություններին և գործողություններին, նա հետևյալն ասաց. «Դա ՀՀ անվտանգության, հայ ժողովրդի դեմ թշնամական լայնածավալ գործողություն է, որն իրականացնում է այս խամաճիկ իշխանությունը: Այլ բան, քան թշնամական գործողություն, չես կարող ասել: Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը թերի է կատարում, ՌԴ խաղաղապահներն իրենց պարտականությունները թերի են կատարում, դա մեդալի մի երեսն է. ի՞նչ պետք է աներ երկրի անվտանգության մասին մտածող մարդը. պետք է փորձեր իրավիճակը փոխել, այս իրավիճակում բոլոր գործիքներն օգտագործել: Ի՞նչ է անում Հայաստանը՝ լարված հայ-ռուսական հարաբերությունները հասցնում է ուղղակի նշաձողից ամենաներքև: Թշնամին եթե որևէ գործակալի նստեցրած լիներ ՀՀ ղեկին և կառավարեր Հայաստանը՝ հօգուտ թշնամական պետության, սրանից ավելի լավ տարբերակ անհնար էր պատկերացնել»:

Կարդացեք նաև

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ նույն ԱԳՆ-ից վաղը որևէ մեկը չի կարող արդարանալ և ասել՝ տուն էի պահում. «Իրենցից որևէ մեկը չի՞ ասել՝ այս իրավիճակում ի՞նչ հումանիտար օգնություն եք ուղարկում Ուկրաինա: Ունե՞ք պրոբլեմ Ռուսաստանի հետ, նշանակում է՝ պետք է ուղիղ խոսել, ամեն օր խոսել, նույնը ԱՄՆ-ին և ԵՄ-ին է վերաբերում, բայց 5 տարի է՝ այս իշխանությունը խաբում է բոլորին: Մի բան ասում է՝ ՌԴ-ին, նույնը՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ի վերջո, սրանք էլ հո մեկը մեկից տեղեկացված են: Իրենց համար ի՞նչ Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ հայրենիք, ի՞նչ Արցախ, իրենք ապրում են ամենօրյա կյանքով, հասկանալով, որ այն ատելությունը, որը կա սեփական երկրում, սեփական ժողովրդի կողմից՝ իրենց նկատմամբ, պայթելու է»:

Անդրադառնալով Պուտինի հայտնի հայտարարությանը, թե Փաշինյանին դավաճան չի համարում, նա նկատեց. «Լավ, էլ ո՞նց Պուտինը բացահայտեր, որ Փաշինյանը ավելի շատ բան կարող էր անել, քան արել է: Էլ ո՞նց Պուտինը բացահայտեր, որ կարող էր պատերազմը շատ ավելի վաղ կանգնեցնել, քան արել է: Վերջին շրջանում  իշխանական մանիպուլյացիան հասել է այնտեղ, որ սեփական հանցանքը, դերակատարությունը՝ Արցախի լիակատար շրջափակման մեջ, ամբողջովին նետեն ռուսների վրա, ասում են՝ Պուտինն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Որքան անմեղսունակ կարող է լինել երկրի ղեկավարը, որ ինքը հայտարարի, ինքն ադրբեջանական բոլոր թեզերով ժողովրդին փորձի համոզել, որ գիտե՞ք՝ Արցախի անկախությունը երբեք Հայաստանը չի ճանաչել, միշտ համարել է Ադրբեջանի մաս, վերջում ասի՝ ժողովուրդ ջան, դա ես չեմ արել, դա Պուտինն է արել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս