55.3 % միանշանակ մասնակցելու է ընտրություններին, ՔՊ-ի օգտին պատրաստ է քվեարկել միայն 16.3 %. Հարցում
«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ավագանու սպասվող ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները: Հեռախոսային հարցումն իրականացվել է սեպտեմբերի 5-6-ն ընկած ժամանակահատվածում:
«Սրանք կես քարոզարշավի արդյունքներն են, բայց բոլորս գիտենք, որ երկրորդ մասը լինում է ավելի ակտիվ, և ես ևս սպասում եմ, որ կլինի առավել ակտիվ քարոզարշավ, որովհետև եթե համեմատում եմ նախորդ ընտրությունների հետ, այս անգամվա քարոզարշավը մի փոքր ավելի քիչ է տեսանելի»,- նշեց Արամ Նավասարդյանը՝ նկատելով, որ հատկապես բակային հանդիպումների ֆորմատը թույլ է այս նախընտրական շրջանում:
«Քաղաքապետի Վկաները» խորագրով հարցման ժամանակ քաղաքացիների 55.3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 19.3 տոկոսը՝ միանշանակ չի մասնակցելու:
Իսկ թե որ կուսակցության օգտին են քվեարկելու հարցին ի պատասխան էլ՝ հարցվածները նշել են՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Տիգրան Ավինյան- 16.3 տոկոս
«Ազգային առաջընթաց» կուսակցություն, Հայկ Մարության- 11.8 տոկոս
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Անդրանիկ Թևանյան- 5.1 տոկոս
«Ապրելու երկիր» կուսակցություն, Մանե Թանդիլյան- 3.8 տոկոս
«Հանրային ձայն» կուսակցություն, Արտակ Գալստյան- 3.6 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն, Արտակ Զեյնալյան- 3.4 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,Դավիթ Խաժակյան- 3.3 տոկոս
«Հաղթանակ» կուսակցություն, Վիկտոր Մնացականյան- 2.7 տոկոս
«Արդար Հայաստան» կուսակցություն, Նորիկ Նորիկյան- 1.9 տոկոս
«Ուժը հայրենյաց» կուսակցություն, Նելլի Հարությունյան- 1.5 տոկոս
«Հանուն սոցիալական ադարության», Արման Ղուկասյան- 1 տոկոս
«Հայաստանի եվրոպական կուսակցություն», Տիգրան Խզմալյան- 0.9 տոկոս
«Ժողովրդավարական համախմբում», Սուրեն Պետրոսյան- 0.9 տոկոս
«Միացյալ Հայաստան» կուսակցություն, Երվանդ Թարվերդյան- 0.9 տոկոս
Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 22.8 տոկոսը, և հրաժարվել է՝ 20 տոկոսը:
Վերջին ցուցանիշը, ըստ Արամ Նավասարդյանի, բավականին բարձր է:
«Այսինքն՝ մարդիկ դարձել են ավելի խորհրդապահ, և միգուցե քաշվում են, վախենում են ու չեն ուզում արտահայտել կարծիքը, թե ում են որոշել ընտրել»,- արձանագրեց «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում