«Սցենարը պարզ է. Ադրբեջանը գնալու է ռազմական գործողությունների, մեղադրելու են Ռուսաստանին». Հայկ Խալաթյան

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է նոր էսկալացիայի, և հարց է ծագում՝ Հայաստանի իշխանություններն այս ֆոնին ինչո՞ւ են այսպես բացահայտ կոնֆլիկտ հրահրում հայ-ռուսական հարաբերություններում, դա Հայաստանի անվտանգության օգտի՞ն է, թե՞ ոչ: Վստահ եմ, որ դա հենց միտված է նրան, որպեսզի էսկալացիա լինի, այդ էսկալացիայի արդյունքում որևէ օգնություն չստանանք Ռուսաստանից, որը ցույց է տվել արդեն, որ, եթե խնդիրն իր համար անձնական բնույթ է կրում, պատրաստ է նույնիսկ իր շահերին վնասելով՝ պատժել: Դա բերելու է նրան, որ Փաշինյանն ու իր թիմակիցները հնարավորություն են ստանալու հայտարարել, որ՝ գիտե՞ք՝ ինչ, ինչպես մենք ասում էինք՝ չենք կարող հենվել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նրա խոսքով՝ երբ բոլոր գործընթացները համադրում ես, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կանխամտածված այնպես են անում, որ ադրբեջանական էսկալացիայի ժամանակ որևէ օգնություն չստանան ռուսական կողմից. «Մենք տեսնում ենք, թե ինչ են գրում իշխանամետ տելեգրամյան ալիքները՝ Ռուսաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի դեմ են: Այստեղ հարց է ծագում, թե այդ պարագայում ինչո՞ւ է ԱՄՆ-ը մինչև հիմա ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին, իբր Իրանի դեմ Ադրբեջանի կարողությունները մեծացնելու համար: Ես չգիտեմ մի երկիր, որը համարվի ՌԴ դաշնակից, և որին ԱՄՆ-ը ռազմական օգնություն ցուցաբերի»:

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում պատասխանատու են նաև Հարավային Կովկասի հարցերով զբաղվող ՌԴ պաշտոնյաները. «Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է՝ այնպես անել, որ նույնիսկ Ուկրաինայի պատերազմից հետո եթե ՌԴ-ն փորձի վերանայել ներկայիս դասավորվածությունը, իր դիրքերը փորձի ուժեղացնել մեր տարածաշրջանում, դրա հնարավորությունը չլինի: Այդ հնարավորությունը լինելու է միայն Հայաստանի և Արցախի միջոցով, դրա համար իրենց նպատակն ամբողջությամբ հարցը փակելն է, որ հետո Ռուսաստանը հնարավորություն չունենա կամ շատ դժվար լինի վերանայել ներկայիս ուժերի դասավորվածությունը: Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը գցելու է Մոսկվային, ու ես զարմանում եմ՝ ոնց մարդիկ դա չէին տեսնում»:

Հարցին՝ արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ ռուս-թուրքական բանակցությունները կողմերի համար արդյունավետ չեն եղել և իրենց հարցերը կարող են մեր տարածաշրջանում լուծել, օրինակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այստեղ նոր ճակատ բացի ՌԴ-ի համար, նա պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է ուժեր կուտակել, իսկ դա խոսում է նրա մասին, որ բանակցություններում, եթե նույնիսկ Հարավային Կովկասի հարցերը քննարկվել են, ապա ոչ մի արդյունք չեն տվել, և այս ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ուժային ճնշում գործադրել Հայաստանի և Ռուսաստանի վրա: Եթե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում մի միտք ասաց, որի հետ ես համաձայն եմ՝ հակառուսական տրամադրությունների «պուլտը» Հայաստանում Ալիևի ձեռքում է: Հիմա մենք տեսնում ենք՝ այս էսկալացիայի ֆոնին ՀՀ իշխանությունները գնում են քայլերի, որոնք ակնհայտ բերելու են ռուսական կողմի դժգոհությանը: Դրա արդյունքը լինելու է այն, որ Ադրբեջանը գնալու է ուժային գործողությունների, Ռուսաստանը՝ փորձելով պատժել ՀՀ իշխանություններին, չի միջամտելու, իսկ հայ հասարակությունն այս ամենում մեղադրելու է ՌԴ-ին: Շատ կանխատեսելի սցենար է լինելու»:

Կարդացեք նաև

Ստեղծված իրավիճակում քաղաքական մեկնաբանը որևէ դրական սպասելիք չունի. «Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական որևէ քայլ այս տարիներին ճիշտ չի եղել, միայն խնդիրներ և կորուստներ են եղել: Մի սիրված հնարք ունենք այս իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմությանն ասում են՝ դուք մեր տեղը լինեիք՝ ի՞նչ կանեիք: Ես դրան միշտ պատասխանում եմ՝ իսկ կլինի՞՝ դուք չբերեք պրոբլեմի, հետո ասեք՝ էս պրոբլեմից վա՞տ, թե՞ առավել վատ ելքը ընտրենք: Ավելի հեշտ է այնպես անել, որ պրոբլեմներ չլինեն, մանավանդ մեր իրավիճակում: Իսկ այս իշխանությունը տաղանդ ունի չլուծելով հին խնդիրները՝ բերել նոր խնդիր, ինչպես հայ-ռուսական ճգնաժամը: Պահպանելով մեր հին թշնամիներին՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, փչացնում ենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, չստանալով նոր դաշնակիցներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս