Պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին. Լեմկինի ինստիտուտ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի վերաբերյալ։
Զեկույցին կից գրառման մեջ նշվում է, որ զեկույցի հրապարակումը պայմանավորված է «շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ռազմական կուտակումներով»։
Զեկույցը մանրամասնորեն անդրադառնում է Արցախի պատմությանը, ներկայում շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, ինչպես նաև 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և դրանում Թուրքիայի դերակատարությանը։
«Ադրբեջանի արշավում թուրքական զենքերի համատարած օգտագործումն արտացոլում է երկու երկրների միջև շարունակվող համագործակցությունը և Թուրքիայի հաստատակամ աջակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի տարածաշրջանի զավթմանը․․․ Միայն 2020 թվականի առաջին ինն ամիսներին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 123 միլիոն դոլարի թուրքական զենք, որի կեսից ավելին, ինչպես արձանագրվել է, ձեռք է բերվել հակամարտության բռնկումից ընդամենը մեկ ամիս առաջ», – գրված է զեկույցում։
Ըստ Լեմկինի ինստիտուտի զեկույցի՝ պատերազմի ավարտը և խաղաղապահների տեղակայումը խաղաղություն չեն բերել տարածաշրջանին։
«Աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը պահպանվում է, քանի որ ադրբեջանական ուժերը մինչ օրս շարունակում են խաղաղ բնակչությանը սպառնալ ոտնձգությունների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա անկանոն հարձակումների, հայերի սպանությունների և առևանգումների, ինչպես նաև զինադադարի եռակողմ հայտարարության խախտումների միջոցով», – արձանագրում են զեկույցի հեղինակները՝ վկայակոչելով Բաքվի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքի շրջափակումը։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև արձանագրում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված ճգնաժամը, որն ըստ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ իրենից ներկայացնում է ցեղասպանական գործողություն։
Լեմկինի ինստիտուտի վերլուծաբանները նաև նշում են, որ «Transparancy International» հակակոռուպցիոն կենտրոնն Ադրբեջանը դասակարգել է որպես «Համախմբված ավտորիտար ռեժիմ»՝ 2022 թ․-ին այն դասելով Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կոռուպցիայի առումով ամենավատ ցուցանիշն ունեցող երեք երկրների շարքում, և հակառակ դրա՝ Հայաստանը դասվել է լավագույն երեք երկրների շարքում։
Անդրադառնալով Արցախին՝ զեկույցում նշվում է, որ 2023 թ․-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն այն դասակարգել է որպես «մասամբ ազատ»՝ տալով 37/100 «Ազատության միավոր» այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը նույն տարում ստացել է 35 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 9։
«Ադրբեջանի և Արցախի Հանրապետության քաղաքական համակարգերի միջև առկա անհավասարությունը հսկայական խոչընդոտ է ցանկացած համաձայնագրի համար, որն Արցախը կներառի որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, քանի որ բռնապետության քաղաքացիություն ընդունելը նման է սեփական քաղաքացիական ազատություններից հրաժարվելուն և ճնշման ենթարկվելուն համաձայնություն տալուն», – գրված է զեկույցում։
Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և, ընդհանուր առմամբ, երկրի իշխանությունների մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը։
2021 թ․ հուլիսից ի վեր Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բարձրաձայնել է Արցախում Ադրբեջանի կողմից տեղի ունեցող ցեղասպանության վտանգի մասին։
Արցախի հայերի սովամահությունը և բռնի տեղահանությունը կանխելու և Հայաստանի Հանրապետության հայերի նկատմամբ ցեղասպանական հետագա հնարավոր հարձակումները կանխելու համար Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանն առաջարկում է այդ թվում՝ հանրային կերպով ճանաչել Արցախում և Հայաստանում հայերի դեմ ցեղասպանության վտանգը, պահանջել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օդային ճանապարհով անմիջապես հումանիտար օգնություն հասցնել Արցախի քաղաքացիներին, ակտիվորեն միջամտել՝ պաշտպանելու Արցախը Ադրբեջանի զինված հարձակումից։
Ամբողջական զեկույցը՝ այստեղ։