Բուենոս Այրեսում բողոքի ակցիա է անցկացվել Լեռնային Ղարաբաղի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում սեպտեմբերի 2-ին բողոքի ցույց է անցկացվել։
Ինչպես հաղորդում է Diarioarmenia-ն ակցիայի նպատակն է եղել բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին՝ կանխելու հայերի երկրորդ ցեղասպանությունը, որն այս պահին իրականացնում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։
Ակցիան անցկացվել է SOS Artsakh կարգախոսով։
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը հայտարարել է՝ հավաքվել են, որպեսզի ցույց տան Արցախի ժողովրդին, որ իրենք միայնակ չեն։ «Մենք այստեղ ենք, որպեսզի տեսանելի դարձնենք, որ Արցախը շրջափակված է։ Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը կանխի նոր ցեղասպանությունը»,- իր ելույթում ասել է Տաբակյանը։
Արգենտինայի հայկական կազմակերպությունների նախագահ Ալեքս Կալպակյանն իր ելույթում նշել է, որ պահանջում են, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը, որն անցյալ տարվա դեկտեմբերից փակել է Ադրբեջանը։
Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել Արցախում։ «Մենք պահանջում ենք վերջ տալ այս ցեղասպանական շրջափակմանը»,- ասել է Կալպակյանը։
Արգենտինայում հայ միգրանտների ներկայացուցչական ասոցիացիայի նախագահ Միգել Հարությունյանն էլ նշել է, որ հավաքվել են՝ դատապարտելու Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները , որը շուրջ 9 ամիս է, ինչ Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի։ «Մենք պահանջում ենք, որպեսզի աշխարհը բարձրացնի իր ձայնը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է և ցեղասպանական գործողություն, ինչի մասին բարձրաձայնել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։