
Արցախն ու արցախցին մի կերպար է, որն ասել է, ասում է, և գիտեմ, որ միշտ էլ ասելու է՝ կամ էսպես կլինի, կամ ընդհանրապես ոչինչ չի լինի. Տիրան Խաչատրյան

Այսօր Արցախի անկախության օրվա կապակցությամբ ակցիա է իրականացվում Երևանում՝ հաջակցություն Արցախի, որին մասնակցում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
«Արցախցին հազարամյակներ ամուր կանգնած է եղել իր հողին՝ խորը արմատներ գցած: Եվ կամայական միջանկյալ երևույթներ, որ կարող է այդ տարածքում ինչ-որ արհեստական տեղ զբաղեցնել, դա ժամանակավոր է: Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ ապրել և օգնել եմ այդ պայքարում նրանց, և գիտեմ, որ այսօր էլ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից: Արցախցին ձեռք է բերել, արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տիրապետելու իրավունքին, և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան: Ես արցախցիների կողքին եմ, իրենց կամք եմ ցանկանում, ուժ, և անպայման լինելու է այն օրը, որ լիովին և ամբողջական արցախցին իր ճակատագիրն ու ցանկություններն ինքն է տնօրինելու»,- լրագրողների հետ զրույցում նշել է գեներալը:
Հարցին՝ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, դա կարո՞ղ է անդառնալի հետք թողնել, թե՞ կարելի է ջնջել այն ընդհանրապես, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.
«Ինչ-որ մարդկանց կամ արարածների պահվածքներ, երևույթներ չեն կարող վճռորոշ կամ հիմնական ազդեցություն ունենալ մի ժողովրդի վրա, որը դրան համակարծիք չի: Եթե ես ինչ-որ բանի համաձայն չեմ և մինչև վերջ կանգնած եմ իմ մտքին, ինձ կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնել, կամ չի ստացվելու այդ ցանկությունն իրականություն դարձնել: Իսկ Արցախն ու արցախցին հենց այդ կերպարն են: Դա ամբողջական և օրինակելի կերպով մեզ համար ներկայացվող մի կերպար է, որն ասել է, ասում է, և գիտեմ, որ միշտ էլ ասելու է՝ կամ էսպես կլինի, կամ ընդհանրապես ոչինչ չի լինի»: