Կարմիր Մահիկով ուղարկված «օգնությունը» բարձողներն ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են․ նույնականացրել ու պարզել ենք ․ Հովիկ Ավանեսով. «Փաստինֆո»

Ադրբեջանական Կարմիր Մահիկով, իբր, արցախցիներին ուղարկված «օգնությունը» ոչ մի հումանիտար նպատակ չունի․ դրա մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ այդ, այսպես կոչված, «օգնությունը» բարձողներից առնվազն չորսը եղել են այն նույն մարդիկ, ովքեր «էկոակտիվիստ» ներկայանալով՝ դեկտեմբերի 12-ից փակել են Բերձորի միջանցքը։ Այդ անձինք թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են և ըդհանրապես կապ չունեն հումանիստական գործունեության հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի մեսրոպ Մաշտոց համալսարանի կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

«Երբ ինֆոմացիա տարածվեց, թե ադրբեջանական Կարմիր Մահիկը, իբր, նախաձեռնել է «օգնություն» ուղարկել Արցախ օկուպացված Ակնայով, զուգահեռ ադրբեջանական տելեգրամյան ալիքները սկսեցին լուսանկարներ ու տեսանյութ տարածել, թե ինչպես են, այսպես կոչված, «կամավորները» բարձում ալյուրը։ Մենք անմիջապես սկսեցինք այդ նյութերում պատկերված անձանց նույնականացման գործընթացը և պարզեցինք, որ այդ մարդիկ որևէ առնչություն չունեն հումանիստական գործունեության հետ։ Ավելին՝ լուսանկարներում պատկերված անձանցից առնվազն չորսն այն նույն մարդիկ են, ովքեր «էկոակտիվիստի» անվան տակ դեկտեմբերի 12-ից փակել են Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Ավելի վաղ մեզ հաջողվել էր պարզել, որ այդ նույն «էկոակտիվիստ» ներկայացողները, որոնք այս անգամ էլ հումանիստ են փորձում ներկայանալ, որևէ կապ չունեն էկոլոգիայի հետ և հանդիսանում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մասնավորապես «Գորշ գայլերի»»,-ընդգծում է Ավանեսովը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կեղծ հումանիզմի քողի տակ Ադրբեջանը պետական մակարդակով հերթական հակահայկական շոուն է իրականացնում։

«Ադրբեջանը երբեք խաղաղության օօրակարգ չի ունեցել ու չի էլ ունենալու։ Այդ երկրի գերնպատակը եղել ու մնում է հայերին ցեղասպանելն ու մեր հայրենիքին տիրանալը։ Ինչ վերաբերում է Կարմիր Մահիկին, ապա Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է այդ կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության սկզբունքները՝ առաջին հերթին նրանով, որ հումանիստական ճանաչված այդ կազմակերպության գործունեությանը խառնում է ահաբեկչական խմբավորումների անդամների։ Կազմակերպության միջազգային գործընկերները պետք է որ դա հաշվի առնեն ու խստորեն պատժեն Ադրբեջանին՝ կազմակերպության համբավը արատավորելու համար»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փաստերը, որ Ադրբեջանը պետական մակարդակով ցեղասպանական քաղաքականություն է վարում Արցախի բնակչության նկատմամբ, բազմաթիվ են ու ակնհայտ։ Անգամ «հումանիստական»-ի քողի տակ ներկայացվող քայլերի հրապարակումները, ինչպես նկատում է Ավանեսովը, շատ դեպքերում ավարտվում են «ցեղասպանել հայերին» լոզունգով։

Նշենք, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին արցախցիները շարունակում են հերթապահությունը, որոնց թվում է նաեւ Հովիկ Ավանեսովը. բնակչությունը վճռական է ադրբեջանցու ուղարկածը մուտք չի գործելու Արցախ։

Տեսանյութեր

Լրահոս