Բաժիններ՝

Տնային կալանքում գտնվող Գաբոնի նախագահը երկրի «բարեկամներին» կոչ է արել «աղմուկ անել»

Գաբոնի նախագահը տնային կալանքի տակ է այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարեցին իշխանությունը զավթելու մասին։

Նախագահ Ալի Բոնգոն «ամբողջ աշխարհում երկրի բարեկամներին» կոչ է արել «աղմուկ անել»։ Նա հայտնել է, որ խոսում է իր նստավայրից, և որ իր կինը և որդին տարբեր վայրերում են։

France 24 պարբերականը նաև հաղորդում է, որ նախագահի որդիներից մեկին ձերբակալել են «պետական ​​դավաճանության» համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է օգոստոսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Ալի բեն Բոնգո Օնդիմբայի հաղթանակի մասին, որի օգտին քվեարկել է ընտրողների 64,27%-ը։ Նա վերընտրվել է երրորդ ժամկետով։ Դրանից հետո զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարեցին ընտրությունների արդյունքները չեղարկելու և պետական բոլոր մարմինները ցրելու մասին։

Ընդդիմության ներկայացուցիչ, ակադեմիկոս Ալբերտ Օնդո Օսան հավաքել է ձայների 30,7 %-ը:

Կրակոցներ են լսվել մայրաքաղաք Լիբրևիլում, խռովարարները փակել են սահմանները։ Առայժմ պարզ չէ, թե հատկապես ո՛ր քաղաքական ուժին են սատարում զինվորականները։

Նրանք խոստացել են պահպանել երկրի պարտավորությունները միջազգային հանրության առջև։ Գաբոնը մտնում է նավթ արտահանող երկրների OPEC+ միավորման մեջ։

Լիբրևիլում գտնվող Գաբոնի գլխավոր նավահանգիստը դադարեցրել է աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս