Մարսելի փոխքաղաքապետը կոչ է անում այլ քաղաքներին ևս հանդես գալ դեպի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու նախաձեռնությամբ

Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը եկել է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին և արթնացնելու միջազգային հանրությանը։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան, ով Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:

Նա պատմեց, որ երբ իրեն տեղեկացրել են ԼՂ հումանիտար բեռ ուղարկելու՝ Ֆրանսիայի նախաձեռնության մասին, ամեն ինչ արել է, որ ընդգրկված լինի պատվիրակության կազմում:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, թեպետ կուզենայի, որ առաջին այցն այսպիսին չլիներ։ Եթե այս պատվիրակության մեջ և այս օգնության մեջ Մարսելը ներկայացված չլիներ, մենք լուրջ խնդիր կունենայինք: Մարսելը շատ լավ հիշում է բոլոր այն հայորդիներին, որոնց ընդունեց»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ հայեր են ապրում Մարսելում:

Միշել Ռուբիռոլան միաժամանակ ցանկություն հայտնեց, որ ԼՂ հայերն էլ ապրեն իրենց տանը:

«21-րդ դարում սովամահ անել ժողովրդի՝ ստիպելու համար լքել իր տունը, անընդունելի է: Որևէ ժողովրդի տառապանք անընդունելի է: Մենք նաև այստեղ ենք՝ պաշտպանելու բոլոր տառապող ժողովուրդներին, որտեղ էլ նրանք գտնվեն»,- ասաց նա։

Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարձագանքի իրենց դիմումին և ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի բանաձև:

«Կոչ եմ անում, որ այլ երկրներում ևս քաղաքները նման նախաձեռնությամբ հանդես գան, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա»,- եզրափակեց Ռուբիռոլան։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Տեսանյութեր

Լրահոս