«Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները». ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է այն հարցին, որ Թուրքիան իր երկրի տարածքում սահմանափակում է կիրառում «Ամերիկայի ձայն»-ի (VOA) թուրքերեն բաժին մուտքի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես «Ամերիկայի ձայն»-ի թուրքերեն բաժնի թղթակցի հարցին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
«Մենք խորապես անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր հետևել VOA-ի թուրքերեն բաժնի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտականություններն ու պարտավորությունները հիմնարար խոսքի ազատության նկատմամբ հարգանք ցուցաբերելու համատեքստում»:
Բացի այդ հայտարարության մեջ նշվել է, որ անձի խոսքի ազատության իրավունքը ներառում է առանց սահամանափակումնների ցանկացած տեսակի տեղեկատվության և գաղափարի որոնում, դրա ստացում և հրապարակում:
Հայտարարության վերջում ընդգծվել է, որ խոսքի ազատության նկատմամբ հարգանքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և ստանձնված միջազգային պարտավորություններով ու պարտականություններով:
Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) պահանջի՝ անհրաժեշտ լիցենզիա չունենալու հիմունքներով Թուրքիայից արգելափակվել է մուտքը միջազգային լրահոս ապահովող «Ամերիկայի ձայն»-ի թուրքերեն բաժին:
RTÜK-ի որոշմամաբ՝ լրատվականին տրվել էր 72 ժամ համապատասխան լիցենզիայի համար վճարելու և կամ ամբողջովին ծառայությունը դադարեցնելու համար: