Բաժիններ՝

Ձերբակալվածների մոտ կային բանալիներ ու դուռ բացելու գործիքներ

Հուլիսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ դռան փականը կոտրել-մտել են իր բնակարան: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, իսկ ձեռնարկած գործողություններն արագ արդյունքի չհանգեցրին:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց:

Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են 42 և 39 տարեկան տղամարդիկ: Օգոստոսի 26-ի ցերեկը նրանք հայտնաբերվեցին Վաղարշյան փողոցում, ձերբակալվեցին և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացվեցին բաժին: Ձերբակալման պահին 42-ամյա տղամարդը դրամապանակին նմանվող առարկա էր նետել փողոցի աջ կողմում գտնվող արտադրական տարածքի պարսպից այն կողմ, իսկ բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ:

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց տղամարդու նետած իրը, որի մեջ կային 18 բանալի, բանալու նմանվող երկաթյա երկու առարկա, երկաթյա երեք գործիք և մեկ խարտոց:

Կասկածյալներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս