Բաժիններ՝

Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Արեգակի ուսումնասիրության տիեզերական աստղադիտարան

Հնդկաստանը սեպտեմբերի 2-ին կգործարկի Aditya-L1 տիեզերական աստղադիտարանը՝ Արեգակն ուսումնասիրելու համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):

«Aditya-L1 Արեգակի հետազոտման համար հնդկական առաջին տիեզերական աստղադիտարանի արձակումը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, Հնդկաստանի ժամանակով ժամը 11:50-ին (Երևանի ժամանակով 10:20-ին) Շրիխարիկոտա կղզուց»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Աստղադիտարանը Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից կգործարկվի Polar Satellite Launch Vehicle հրթիռի միջոցով: Մերձերկրային ուղեծիր դուրս գալուց հետո սարքն իր շարժիչների օգնությամբ դուրս կգա ուղեծիր և կուղևորվի Լագրանժի L1 կետ:

Աստղադիտարանը, որը հագեցած է տարբեր օգտակար բեռներով, կուսումնասիրի Արեգակի Ֆոտոսֆերան և քրոմոսֆերան, ինչպես նաև դրա վերին շերտը:

Գիտնականները հույս ունեն նոր տվյալներ ստանալ, որոնք կօգնեն հասկանալ պսակի զանգվածային արտանետումների (Արեգակնային պսակից նյութի արտանետումների) և արևային բռնկումների պատճառները, ինչպես նաև ուսումնասիրել տիեզերական եղանակը և մագնիսական դաշտը L1 կետի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս