Պետք է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերին. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում, թվարկելով այն հինգ ուղղությունները, որոնք իրագործելու դեպքում հնարավոր է Արցախը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց հռետորաբանությունը։

Նա նշել է, որ ՀՀ ղեկավարության հետ չի շփվում։

«Շատ վտանգավոր է անընդհատ պարտվողական տրամադրություններ տարածելը»․ Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ իշխանություններին

«Այն օրվանից, երբ ես պետնախարար էի, նրանք խուսափում էին ինձ հետ առնչվել։ Իմ քննադատական ելույթների հիմքն այն էր, որ ես գտնում էի՝ առանձին վերցրած Հայաստանի և Արցախի ղեկավարները չեն կարող պարտվողական, ընկճված տրամադրություններ ունենալ։ Չի կարելի ասել՝ Արարատ սարը հայկական չէ կամ` եկեք փոխենք զինանշանը, կամ` Արցախը մերը չէ։ Չի կարելի շոշափել դասալիքների հարցը, այդ դեպքում մեր հերոսնե՞րը, որոնք պահեցին Արցախի հյուսիսային մասը․․․ Նորից եմ ուզում ասել՝ մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Այո, Հադրութը կորցրեցինք, հարավում կորուստներ ունեցանք, բայց մի մետր անգամ առաջխաղացում չենք ունեցել հյուսիսային հատվածում։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ ասել, որ բոլոր կանայք դժբախտ են։ Ես ուզում եմ ասել, որ չեմ հասկանում այդ ամենն ինչու է արվում։ Հայաստանի վարչապետի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, որ ուզում է պայմանավորվել Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղությամբ։ Չեմ հասկանում՝ վարչապետին ինչո՞ւ են պետք այդ ասեկոսեները մեկնաբանել։ Իրենք պիտի հասկանան, որ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ղեկավարությունները կարծիք արտահայտելիս, հայտարարություններ անելիս, դրանք անդրադառնում են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչության վրա, նրանց հոգեվիճակի և զգացմունքների վրա։ Ես վստահ եմ, որ Հայաստանում կա մարդկանց մի մեծ զանգված, որոնք պատրաստ են պաշտպանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Այդ մարդիկ ունեք և՛ վճռականություն, և՛ համարձակություն, և, իհարկե, լավ կլինի, որ մարդկանց և լիդերների կարծիքները համընկնեն։ Տեսեք դպրոցներում կային գերազանցիկներ և կային ոչ ֆորմալ առաջնորդներ։ Շատ լավ կլիներ, եթե նրանք նույն մարդիկ լինեին։ Եվ այդ իմաստով և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում կան մեծ թվով արժանապատիվ մարդիկ, որոնց թիվը, վստահ եմ, կազմում են հարյուր հազարներ, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց, ցավոք սրտի, պատերազմից հետո ճիշտ աշխատանք չի տարվել տեղեկատվական դաշտում։ Վարչապետը ինքն է այդ բնագավառի անձ, անընդհատ տարածվում է այն կարծիքը, տեսակետը, թե մենք թույլ ենք, ոչինչ չենք կարող անել, պարտվողական տրամադրություններ են տարածվում,բայց դա մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, դա շատ վտանգավոր բան է։ Ես ելույթ եմ ունեցել, այդ մասին խոսել եմ և նորից եմ խոսելու։ Պարտվողական տրամադրություն տարածելն ինձ համար անընդունելի է, դրանից առաջ եկող հոգեվիճակը հնարավորություն չի տալիս հաղթահարելու դժվարությունները Հայերը շատ ավելի դժվար ժամանակներ են ապրել, քան հիմա է, հաղթահարել ենք այդ վիճակը»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

Ի՞նչ հետևանքներ կունենա Արցախի համար Աղդամի միջանցքի գործարկումը

Ռուբեն Վարդանյանին հարց ուղղվեց՝ ո՞վ պետք է ներազդի Ադրբեջանի վրա, որպեսզի Բաքուն ընդունի Ստեփանակերտը՝ որպես բանակցային կողմի՝ հաշվի առնելով այսօրվա խնդիրները, այդ թվում` Աղդամի միջանցքի հետ կապված խոսակցությունները, որը Ադրբեջանն առաջարկում է որպես այլընտրանքային ճանապարհ։ Եվ ի՞նչ հետևանքներ է ունենալու Արցախի համար այսպես կոչված Աղդամի միջանցքի գործարկումը։

«Ես առաջարկում եմ կենտրոնանալ ոչ թե առանձին գործիքների, այլ բովանդակության վրա։ Ադրբեջանն օգտագործում է ագրեսիվ դիրքորոշում բանակցություններում։ Երկու կողմեր են, որոնցից մեկն ամեն ինչ ուզում է իրենով անի՝ հարյուր տոկոսով, բայց խոսակցության ընթացքում գոնե 85 կամ 90 տոկոսի պիտի իջեցնես նրա ցանկությունները։ Ադրբեջանի սկզբունքն է՝ կամ ամեն ինչ, կամ` ոչինչ։ Ես գիտեմ, որ մեզ ոչ միայն հայեր են լսում, այլ ադրբեջանցիներ, բոլոր նրանք, որոնք լսում են, պիտի հասկանան, որ կյանքը չի սահմանափակվում միայն այսօրով, վաղվա օր կա։ Մենք խոսում ենք մի կոնֆլիկտի մասին, որը շատ բարդ է, հազարավոր մարդկանց ճակատագրեր են դրված զոհասեղանին, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, Արցախում ունեն գերեզմաններ, տներ։

Ի՞նչ են իրենք ուզում, որ այստեղ ոչ մի հայ չապրի՞, հայերը հրաժարվե՞ն իրենց արմատներից, դա անհնար է, դա էթնիկ զտում կամ ցեղասպանություն է։ Հարցը հետևյալն է՝ Հայաստանի հետ ի՞նչ է տեղի ունենալու, նույն բանն եք անելո՞ւ Հայաստանի հետ։ Դուք հուշում եք, որ Հայաստանում և Արցախում ոչ մի հայ չի՞ մնա կամ նրանք լիովին հնազանդվելո՞ւ են։ Շատ հարցեր կան, բազում նուրբ տարրեր կան։ Ես կարծում եմ, որ հոգեբանական մեծ ճնշում է կատարվում, որպեսզի կարողանան կոտրել մարդկանց դիմադրողականությունը, որպեսզի նրանք չցանկանան ապրել սեփական հողի վրա։

Այնպես որ, Աղդամի ճանապարհի հետ ինչ ցանկանում են անել, ունի մեկ նպատակ․ դա ճնշում գործադրելու գործիք է, ու մենք պետք է գիտակցենք՝ ինչ չի կարելի անել, մենք ունենք կարմիր գծեր և ինչու չի կարելի դա անել։ Մենք ունենք Արցախի ռազմավարություն՝ 2035, որը մշակել ենք ամիսներ շարունակ, կարմիր գծեր կան այդ ռազմավարության մեջ, այստեղ հարցը վերաբերում է նաև անցակետերին, պետք է հիշել, որ կան երկու անցակետեր։ Մեկն այն անցակետն է, որը տեղադրված է կամրջի վրա, մյուսը՝ Շուշիում է մնացել ու պարզ չէ, թե ինչու է այնտեղ մնացել, ինչու են ադրբեջանցի ոստիկաններն այնտեղ կանգնած։ Ճնշում պետք է լինի և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության կողմից։

Պետք է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերին։ Մնացած ամեն ինչ հանգեցնելու է կամ պատերազմի կամ անդառնալի հետևանքների։ Եթե կան մարդիկ, որոնք լինելով ոչ այնքան հմուտ և հեռատես, ասում են՝ եկեք մի անգամ Աղդամի ճանապարհն օգտագործենք, բայց հետո քայլ առ քայլ այս ամենը գնալու է դեպի Ադրբեջանի շահերի բավարարմանը։ Բոլորն արդեն մոռացել են բնապահպան կոչվածներին, ամեն ինչ իբրև թե սկսվեց բնապահպանական խնդիրներից, բայց արդեն հետագայում վերածվեց բոլորովին այլ պահանջների։ Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, եթե «ա» ես ասում, ուրեմն «բ» ու «գ» էլ պիտի ասես, Աղդամի ճանապարհն անընդունելի է իր բնույթով և բովանդակությամբ, անհնար է պատկերացնել, որովհետև ոչ ոք չի հավատում, որ դրանից հետո բոլոր հարաբերությունները միանգամից հարթվելու են, և ամեն ինչ լավ է լինելու։ Հացից բացի, որը, բնականաբար, անհրաժեշտ է բոլորին ապրելու համար, կա արժանապատվության զգացում և դա շատ կարևոր է մեզ համար, դրանք դատարկ խոսքեր չեն և երբեք չի ստացվի հացի ու կարագի միջոցով գնել արցախցիների արժանապատվությունը։ Ես դրանում վստահ եմ, թեև Արցախում շատ ծանր իրավիճակ է»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս