F-16 կործանիչներն Ուկրաինայում կարող են կիրառվել արդեն 2024 թ. գարնանը. Ռեզնիկով
F-16 կործանիչներն Ուկրաինայի կողմից առաջին անգամ կարող են օգտագործվել 2024 թ. գարնանը։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Ես կասեի, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա գարնանը, քանի որ մենք արդեն սկսել ենք մեր օդաչուների, ինժեներների և տեխնիկների նախապատրաստական դասընթացները», – նա հայտնել է հրատարակությանը։
Ռեզնիկովի խոսքով՝ ներկայում անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ենթակառուցվածք պատրաստի կործանիչների համար։
«Դա, ենթադրաբար, կտևի առնվազն վեց ամիս, իսկ գուցե՝ մի փոքր ավելի երկար», – հավելել է նա։
F-16 կործանիչների կիրառումը Ռեզնիկովը գնահատում է որպես «բեկումնային պահ» Ռուսաստանին դիմակայելու հարցում․ այս պահին օդում գերակշռությունը պատկանում է Ռուսաստանին։
Սպիտակ տունն օրերս հաստատել էր, որ Ուկրաինան երրորդ երկրներից մարտական ինքնաթիռներ կստանա օդաչուների վերապատրաստումն ավարտելուց հետո։ Պենտագոնում նաև նշել են, որ Ուկրաինան դեռևս անհրաժեշտ ենթակառուցվածք չունի F-16-երն իր մոտ տեղակայելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները ստեղծում են ՌԴ-ի հետ ուղղակի զինված բախման վտանգներ։ Նրա խոսքով՝ Կիևի ձեռքում միջուկային զենք կրող F-16 կործանիչներ հայտնվելու փաստը Ռուսաստանը կարող է համարել միջուկային ոլորտում սպառնալիք Արևմուտքի կողմից։