Ավինյանի հույսը՝ մարդ ծեծող, երեխային մեքենայից իջեցնող թալինցի «փչան Սուրոն»

Տիգրան Ավինյանն ինքնամոռաց քարոզարշավ է անում Երևանի բակերում: Ամեն ինչ՝ ըստ պլանի՝ նույն դեմքերը, «մեռնեմ բոյիդ», «ցավդ տանեմ», «գոհ ենք», «ապրեք» ոճի սիրո ցույցերը, բնակիչ ներկայացող կանայք, որոնց ոչ ոք տվյալ տարածքում չի ճանաչում. անցել ենք, գիտենք:

Քարոզարշավի հակառակ երեսն էլ կա, իրական երեսը, երբ Ավինյանի թիմի «թիվ 2» վանկարկումները խլացնում են իրենց հասցեին տրված ժողովրդի անեծքներն ու մեղադրանքները, երբ լրագրողի անհարմար հարցերի համար թիմակիցները հետապնդում են նրանց. Ամեն ինչ, ինչպես միշտ:

Ավինյանը, իհարկե, Նիկոլ Փաշինյան չէ, և հունից դուրս չի գալիս այնպես, ինչպես իր քաղաքական թիմի առաջնորդը, բայց ակնհայտորեն նյարդային ջղակծկումների մեջ է ընկնում Արցախի վերաբերյալ հարցից:

Բայց այսօրվա քարոզարշավին 168.am-ի ուշադրությունը գրավեց այն, որ Տիգրան Ավինյանի կողքից քայլում ու նրա քարոզարշավին ակտիվորեն մասնակցում էր ներկայումս մարդ ծեծելու համար քրեական վարույթով անցնող, Արագածավանի կոմունալ ծառայություններից մեկի տնօրեն, ավելի ճիշտ՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, մի բառում երկու ուղղագրական սխալ կատարող, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում միջադեպ էր գրանցվել, ինչից հետո երեկոյան արագածավանցիները մի քանի ժամով փակել էին ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը և պահանջելով, որպեսզի պատժվի Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը։ Միջադեպն առաջացել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ականն իր մեքենան տարել է ավտոլվացման կետ, որպեսզի լվանա, աշխատակցի սպասարկումը, ով առողջական որոշակի խնդիրներ ունի, Սուրեն Թորոսյանի «հավանությանը չի արժանացել», որի արդյունքում էլ նա հարվածել է տղային և նրա աչքերին գազ փչել։

Ըստ տուժած տղայի պաշտպան Արսեն Բաբայանի՝ փայտով այնքան էր հարվածել տուժողի գլխին, մինչև փայտը կոտրվի:

«Նախաքննությունն իրականացվել է բացահայտ խախտումներով, նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել առերևույթ այնպիսի հանցագործություններ, որի հետևանքով դատարանը զրկվել է ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին իր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից»,- սեպտեմբերի 4-ին այս գործով կայանալիք հերթական դատական նիստից առաջ գրել էր Արսեն Բաբայանը:

Մնում է միայն արձանագրել, որ Տիգրան Ավինյանի հույսը մնացել է մարդ ծեծող, ըստ համագյուղացիների՝ «փչան Սուրոն»: Ինչ խոսք, լուրջ աջակցություն է:

Տեսանյութեր

Լրահոս