Սկանդալ. Ստամբուլյան կոնվենցիայի անուն չեն տա, նույնը կանեն օրենքներում փոփոխություններ կատարելով. ընտանիք կհամարվեն նաև զուգընկերները՝ անկախ սեռից
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության որոշ պատգամավորներ ցանկանում են հասնել Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ այդ գործընթացում ունենալով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և՛ ֆինանսական, և՛ «մասնագիտական» աջակցությունը։ Նախորդ 5 տարիների ընթացքում, չնայած իրենց գործադրած ջանքերին, դա չստացվեց, և հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներն այլ բան են մտածել, այն է՝ կդիմեն խորամանկ քայլի:
Այսպես, 168.am-ը տեղեկացավ, որ ըստ ՔՊ կուսակցության հետ ակտիվորեն համագործակցող ԼԳԲՏ ՀԿ-ների փոխանցման՝ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը շրջանառության մեջ են դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Օրենքի նախագծով սույն անձինք փորձում են իմպլեմենտացնել ՀՀ-ի կողմից ՉՎԱՎԵՐԱՑՎԱԾ Ստամբուլյան կոնվենցիան։
Օրենքի Նախագծով առաջարկում են այսուհետ ընտանիքի անդամներ (հետևաբար՝ նաև ընտանիք) համարել զուգընկերներին և նախկին զուգընկերներին, այդ թվում՝ միասեռականներին (համասեռամոլներին), որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության, այսօր օրինական ամուսնություն գրանցել չեն կարող։
Փաստորեն, ՔՊ-ական պատգամավորները քողարկված կերպով այդ հարցն են լուծում։ Ստամբուլյան կոնվենցիայի իմպլեմենտացմանն ուղղված հաջորդ քայլը Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներն են։
Օրենքի նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել հետամտման համար, ինչը Ստամբուլյան կոնվենցիայից վերցված տերմին է։ Ընդ որում, կոնվենցիան չի պարտադրում այն քրեականացնել, սակայն ՔՊ-ականները ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Քրեական օրենսգիրք են ներմուծում նաև «զուգընկեր և նախկին զուգընկեր» հասկացությունները։
Արդարադատության նախարարությունը, ի դեմս նախարար Գրիգոր Մինասյանի, ինչպես միշտ, բացարձակ անտարբեր է իր նախարարության գործառութային տիրույթում գտնվող Քրեական օրենսգրքի հերթական այլանդակման նկատմամբ, ինչպես և հայտնի «գործուն զղջալու» նախագծի դեպքում։ Բարոյական, մարդկային և ընտանեկան արժեքները ոտնակոխ արած նախարարից իրավական արժեքներ պահանջելը կամ ակնկալելը, իհարկե, դատարկ ռոմանտիզմ է, պատրանք, թերևս։
Ի դեպ, մի կարևոր փաստ ևս։ Այս օրենքի նախագծին սատարում է նաև Նիկոլ Փաշինյանը։ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց մերձավոր շրջապատում ասել են, որ այս օրենքի նախագծի նկատմամբ Նիկոլը դրական վերաբերմունք ունի։ Ասել են նաև, որ Նիկոլին դրական է տրամադրել վերջինիս խոսնակ և սույն պատգամավորների ընկերուհի Նազելի Բաղդասարյանը, որը գլուխ է գովում այս հանգամանքով։ Ասում են նաև, որ ԼԳԲՏ ՀԿ-ները բավականին խոշոր գումարներ են ներդրել այս օրենքի նախագծի լոբբինգի ու դրա ընդունման համար։