«Աղետ է, որ տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ». Էնդոկրինոլոգների միջազգային միությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել շրջափակված Արցախում մարդկանց կյանքեր փրկելու համար
Եվրոպական էնդոկրինոլոգիայի միությունը (ESE) և մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը (ESPE) համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Միջազգային բժշկական հանրությունն իր խորը մտահոգությունն է հայտնում արցախցիների՝ դեղորայքի հասանելիության բացակայության և շրջափակման պայմաններում հիվանդների բուժման և բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության առնչությամբ։
ESE-ն և ESPE-ն համերաշխություն են հայտնում իրենց հայ գործընկերներին և կոչ են անում բժշկական կազմակերպություններին, գործընկերներին հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել աջակցելու մարդկանց արգելափակված Արցախում։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բժշկական անհրաժեշտ պարագաների պատշաճ մատակարարումը կյանքի համար սպառնալից սուր կամ քրոնիկական էնդոկրին հիվանդների բուժման համար։ Կոչ ենք անում նաև բոլոր կողմերին ազատ և անվտանգ տեղափոխում ապահովել մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար»,- ասված է հայտարարության մեջ։
ESE-ի և ESPE-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված են այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են երեխաների և մեծահասակների էնդոկրին հիվանդությունների բուժման համար։ Խոսքը թե՛ այն հիվանդների մասին է, որոնք շտապ միջամտության կարիք ունեն սուր իրավիճակները վերացնելու համար, և թե՛ նրանց, ովքեր երկարաժամկետ թերապիա են անցնում՝ նպատակ ունենալով կանխել անցումը քրոնիկ փուլին։ Դրանք են շաքարախտը, շաքարային դիաբետը, մակերիկամների և վահանաձև գեղձի անբավարարությունը, էնդոկրին, օնկոլոգիական հիվանդությունները և այլն, որոնք մշտական հորմոնալ թերապիա են պահանջում:
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ոչ առևտրային և բժշկական կազմակերպությունների, համախոհների, գործընկեր մատակարարների, բժշկական ծառայություններ և դեղամիջոցներ տրամադրող ընկերությունների հետ՝ Արցախում հիվանդների համակողմանի աջակցության համար։
«Արցախի շրջափակումը իրական հումանիտար աղետ է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Խոսքը 120 000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի մասին է, եւ մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, գործադրել բոլոր ջանքերը՝ 21-րդ դարում նման աղետից խուսափելու համար։ Տարբեր հիվանդություններով պացիենտները արդեն ութ ամիս պաշարման մեջ են առանց անհրաժեշտ դեղամիջոցների։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային բժշկական համայնքներին և կազմակերպություններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի վրա և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու այն մարդկանց, որոնց կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ է սպառնում»,- նշում է «VIVA» հիմնադրամի նախագահ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Հովհաննիսյանը։
«Հայ բժիշկները շարունակում են համաշխարհային բժշկական կազմակերպություններին հորդորել ուշադրություն դարձնելու Արցախի հումանիտար աղետին և քայլեր ձեռնարկելու հիվանդներին փրկելու համար, որոնց իրավիճակը շրջափակման պայմաններում ամեն օր սրվում է։ Խոսքը շաքարային դիաբետով հիվանդների, օնկոլոգիական, սրտանոթային, աուտոիմուն և այլն հիվանդությունների մասին է, որոնք համակարգված բուժում են պահանջում:
Հատկապես ծանր է հիվանդ երեխաների հարցը։ Մեր պարտքն է առաջին հերթին բժիշկ մնալ։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք Էնդոկրինոլոգների եվրոպական միությանը, որը հավատարիմ է մարդասիրության սկզբունքներին և ահազանգում է՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգի աստիճանը և կոչ անում մյուս միջազգային կառույցներին անմասն չմնալ, անտարբերության չմատնել, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամի իրավիճակում գտնվող գործընկերներին օգնելու ուղիներ գտնել », – նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Բելգիայի Լիեժի համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Լիլիա Ռոստոմյանը։
Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) դիմել էր Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքով՝ անհապաղ անվտանգ տեղաշարժ ապահովելու պահանջով, որպեսզի Արցախում առկա հումանիտար ճգնաժամը չսրվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում երեխաների և նրանց ընտանիքների մարդասիրական օգնության հասանելիությունը։
Եվրոպական էնդոկրինոլոգիայի միություն (ESE)