
«Երկու անգամ փորձ ենք արել ցորենը հավաքել, սակայն Ադրբեջանը կրակում է. եթե մի քանի օր էլ շարունակեն, 60 հեկտար ցորենի դաշտը մնալու է». Սարուշենի գյուղապետ

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կրակում են Արցախի Հանրապետության Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ՝ խոչընդոտելով ցորենը հավաքելու աշխատանքներին։
Երեկ՝ օգոստոսի 22-ին, թշնամին կրկին կրակել է Սարուշենի դաշտերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
168.am-ի հետ զրույցում Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանն ասաց, որ դեռևս չի հաջողվում հավաքել ցորենը՝ Ադրբեջանը կրակի տակ է պահում դաշտերը։
«Այսօր երկու անգամ փորձ ենք արել ցորենը հավաքել, սակայն Ադրբեջանը կրակում է։ Ադրբեջանը հստակ չի ցանկանում, որպեսզի ցորենը հավաքենք, քանի որ հենց մտնում ենք ցորենի դաշտ, սկսում է կրակել, հենց դաշտում մարդ չի լինում՝ չի կրակում»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Գյուղապետի խոսքով՝ ռուս խաղաղապահներին ևս դիմել են, գան կանգնեն՝ որպեսզի ադրբեջանական կողմը չկրակի, սակայն նույնիսկ նրանց ներկայությունը չի օգնում:
«Ռուս խաղաղապահները եկած-չեկած՝ նորից կրակում են։ Գյուղի ուղղությամբ դեռևս չեն կրակում, այս պահի դրությամբ թշնամու թիրախը դաշտում աշխատող մարդիկ են։
Չգիտեմ, ռուս խաղաղապահները պետք է կարողանան ինչ-որ ձևով պայմանավորվեն, որպեսզի կարողանանք դաշտից ցորենը հավաքենք, եթե մի քանի օր էլ մնա, անձրևները սկսվեն, այլևս չենք կարողանա հավաքել՝ 60 հեկտար ցորենի դաշտը մնալու է, մոտավորապես 70 տոննա ցորեն»,- եզրափակեց Կարեն Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունն արդեն 255-րդ օրն է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակելով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, և ապօրինի անցակետ տեղադրելով Հակարիի կամրջի մոտ, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ տեղափոխել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։
Արցախում աստիճանաբար ավելի սուր է դառնում հացի խնդիրը, իսկ Ադրբեջանը թիրախավորել է հենց ցորենի դաշտերը՝ թույլ չտալով մարդկանց հավաքել իրենց աճեցրած ցորենը։