Ո՞րն է Փաշինյանի հաջորդ քայլը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի ԱԽ-ում «իրազեկման» լսումներից հետո Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ իրավիճակն ինչպե՞ս կփոփոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ շաբաթ շուրջ երկու ժամ տեւած քննարկումների արդյունքում բանաձեւ կամ հայտարարություն չընդունեց Արցախի հարցով: Մինչդեռ պաշտոնական Երեւանը հստակ նշել էր, թե ինչ ակնկալիքներով է հայկական կողմը նման հրատապ նիստ հրավիրել:

«Մենք այս Խորհրդից ակնկալում ենք դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն եւ տուժած բնակչությանը տրամադրել մարդասիրական օգնություն», – մասնավորապես իր ելույթում նշել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

ՄԱԿ-ում լսեցին կողմերի փաստարկները, նաեւ Անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումները, նշվում էր, թե շրջանառության մեջ կարող է դրվել բանաձեւի, կամ` հայտարարության տեքստ, սակայն դեռեւս որեւէ տեղեկություն չկա, թե ՄԱԿ-ը դիրքորոշում կարտահայտի՞ ի վերջո: Պաշտոնական Երեւանը կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ այդ հեղինակավոր ատյանում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը:

«Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ եւ շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,– կառավարության նիստում նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` հաջորդ դրական զարգացումն այն է, որ Անվտանգության խորհրդում հաստատվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը. «Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից չի կատարվել: Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է»:

Այսինքն, պաշտոնական Երեւանի դիրքորոշմամբ` միջազգային բարձրագույն ատյանում հնչել է ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ, եւ հիմա Արցախը Հայաստանին կապող միջանցքի բացումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանությունը կանխելուն ուղղված քայլ:

Իսկ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունները որեւէ աշխատանք տարե՞լ, կամ տանո՞ւմ են գործընկեր պետությունների հետ: Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ մինչ ՄԱԿ ԱԽ նիստը տարբեր պետություններ ամիսներ շարունակ` «անհանգստացած», «մտահոգված», «խիստ մտահոգված» կոչեր հնչեցրել են ու շարունակում են հնչեցնել: Պաշտոնական Երեւանի նպատակը ո՞րն էր` Արցախում հումանիտար աղետի առկայությունն արձանագրե՞լ: Դա արձանագրվեց, իսկ ո՞րն է հաջորդ քայլը:

Օրինակ, Հայաստանի իշխանությունը դիտարկո՞ւմ է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցը ՄԱԿ ԱԽ-ում բարձրացնել, թե՞ դա հակասում է պաշտոնական Երեւանի «խաղաղության օրակարգին»: ՄԱԿ ԱԽ-ում հրատապ նիստից հետո ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ ՄԱԿ ԱԽ-ում եւ այլ հարթակներում կշարունակի աշխատանքը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ:

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը եւ խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային եւ արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետեւողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ», – ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: Իսկ օրինակ՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցն ինչո՞ւ է անտեսվում:

Թե՞ Հայաստանի իշխանությունների կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» բանավոր ճանաչելու դիրքորոշմամբ նրանք վերջնականապես իրենց իսկ ձեռքով փակել են այդ ճանապարհը: Այսինքն, պետք է բավարարվել նրանով, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի քարոզչությանը, գիտակցո՞ւմ են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարեւորությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելիս, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, թե Երեւանն ամիսներ շարունակ պատրաստվել է այդ քայլին եւ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի բանաձեւը։

Այդ դեպքում, Բաքվի ագրեսիվ, զավթողական, ռազմատենչ պահվածքը պաշտոնական Երեւանն ինչո՞ւ ակնառու չդարձրեց, ադրբեջանական իշխանությունների կողմից նաեւ ընդդեմ ՀՀ ինքնիշխան պետության ձեռնարկվող քայլերը ինչո՞ւ անտեսվեցին:

Արցախի արտգործնախարարությունը, նկատենք, որ ողջունեց նիստի անցկացումը, բայց հույս հայտնեցին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կցուցաբերեն հետեւողականություն եւ իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձեւի ընդունմամբ, «որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որեւէ նախապայմանի եւ այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունում եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներում»։ Հասկանալի է, որ ՄԱԿ ԱԽ-ի անդամներն առաջնորդվում են իրենց շահերով, եւ կոշտ պահանջներ կարելի է նրանցից ակնկալել միայն այն դեպքում, եթե պաշտոնական Բաքուն նրանց շահերին հակասող քայլերի դիմի։ Իսկ Բաքուն ճարպկորեն խաղում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ: Հայաստանն ու Արցախը կանգնած են ամենաբարդ մարտահրավերի առջեւ, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում «իրազեկման» յուրօրինակ այդ լսումներին, պաշտոնական Երեւանն ակնհայտորեն թույլ ներկայացավ: Իսկ թե այդ «իրազեկման» միջոցառումից հետո Լաչինի միջանցքում եւ Արցախի շուրջ իրավիճակն ինչպես կփոփոխվի` ցույց կտա ժամանակը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս