Ոչ մեկը չի՞ ցանկանում հարցնել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Կապանի հետ կապը օդանավի հույսին է մնացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևի պետք չէ ռազմավարության փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ Արցախը լիովին գրավելուց հետո թշնամու հաջորդ հարվածն ուղղվելու է Սյունիքին՝ այն ամբողջապես Հայաստանից պոկելու կամ, այսպես ասած, «միջանցքներ» ստանալու նպատակադրությամբ: Դա ոչ միայն մակերեսին դրված ու տեսանելի է, այլև Ադրբեջանի իշխանությունը չի էլ թաքցնում իր այդ նպատակները: Այդ ամենի ու Արցախի օրհասական վիճակի, Հայաստանի ներքաղաքական ու բարոյահոգեբանական ընդհանուր լարվածության համատեքստում ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիք: Եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք այդ այցի բովանդակությունը, ապա դա Սյունիքով փիարվելու ընդգծված դրսևորում էր: Քարոզչական նպատակներ էին հետապնդում թե՛ Գորիսի քաղաքապետի հետ ձեռքսեղմումը, թե՛ Կապան օդանավով ավելի վաղ մեկնելը, թե՛ իր աշխատակազմի ղեկավարի ու ԱԽ քարտուղարի՝ «Սյունիք» օդանավակայանում վայրէջք կատարելը, թե՛ այցի ընթացքում եղած մյուս դրսևորումները:

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը խնդիր ուներ ցույց տալ, որ իրեն գրկաբաց ու ջերմ են ընդունում այն մարզում, որտեղ պատերազմից հետո իրեն «ողջունել» էին: Ի լրումն, այն մարզում, որի բնակավայրերը 25 տարվա խաղաղ կյանքից հետո նա՝ Նիկոլ Փաշինյանը, վերստին ոչ միայն դարձրել է սահմանամերձ, այլև, ըստ էության, դրել թշնամական կրակային ուղիղ խոցելիության տակ: Հա, բայց կարևորը ցույց տալն է, որ «ժողովուրդը» Սյունիքում, այդ ամենով հանդերձ, ուղղակի ուշագնաց է լինում Նիկոլ Փաշինյանի համար: Համենայն դեպս, նախատեսված փիար-ցուցադրությունը դա էր: Թե որքանո՞վ իրենք՝ սյունեցիները, հավատացին այդ ներկայացմանը, կամ որքանո՞վ դա տպավորություն թողեց մնացյալ հանդիսատեսի վրա, ժամանակն ու կյանքը ցույց կտան: Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքրական, եթե չասենք՝ բնութագրական: Նախ՝ Փաշինյանը, ապա իր աշխատակազմի ղեկավարն ու ԱԽ քարտուղարը երկօրյա տարբերությամբ օդանավով մեկնեցին Կապան՝ վայրէջք կատարելով «Սյունիք» օդանավակայանում, որը գտնվում է թշնամական դիրքերի կրակային հասանելիության գոտում:

Թշնամին անմիջապես հիշեցրեց իր գոյության մասին, Փաշինյանի փորձնական չվերթից հետո ու նրա ներկայացուցիչների «ներկայացուցչական չվերթից» առաջ մոտեցավ օդանավակայանին ու կրակոցներ արձակեց օդանավակայանի շենքի ուղղությամբ: ԱԱԾ-ն ավելի «սրամիտ» բան չկարողացավ հորինել, քան եղելության մասին հայտնելն ու Ադրբեջանին կոչ անելը, որ …համատեղ քննեն միջադեպը: Շատ զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Հատկանշական է և այն, թե պաշտոնական քարոզչությունն ինչպես էր կաշվից դուրս գալիս հանրությանը համոզելու համար, որ ա) Երևանից Կապան օդանավով մեկնելը մի աներևակայելի, մի չտեսնված հնարավորություն է, որը երբեք չի եղել և միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ է հնարավոր դարձել, բ) ամեն ինչ ուղղակի հրաշալի է, պարզապես՝ չտեսնված, գ) կանոնավոր չվերթեր են լինելու, տոմսն էլ ընդամենը 20 հազար դրամ է արժենալու: Բայց բոլորն էլ հասկանում են, որ Երևան-Կապան կամ Կապան-Երևան չվերթերը էքստրիմի սիրահարների համար են: Այն իմաստով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել կամ իմանալ, թե ադրբեջանցիների մտքով երբ կանցնի կրակել օդանավի կամ օդանավակայանի, ուղևորների վրա:

Ավելին, օգոստոսի 19-ի ցուցադրական չվերթի ժամանակ էլ ադրբեջանական կողմն ակտիվացել է, ու վտանգն այնքան ակնհայտ է եղել, որ նույնիսկ փաշինյանական քարոզչությունն էր ստիպված հաղորդել, որ հյուրերն արագորեն տարհանվել են, ոչ մեկին ոչ մի վնաս չի եղել: Հա, բայց վտանգը մնացել է: Ավելին, ոչ մեկը չի՞ ցանկանում հարցնել, թե այդ ինչո՞ւ, այդ ինչպե՞ս եղավ, որ Կապանի հետ կապը օդանավի հույսին է մնացել:

Կարդացեք նաև

Ոչ մեկի մտքով չի՞ անցնում հիշել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի ահռելի հատված, նույնիսկ առանց գրիչի մեկ շարժումի, այլ «բանավոր համաձայնությամբ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նվիրեց Ադրբեջանին՝ հռչակելով, թե դա հազարավոր տարիներ ադրբեջանական տարածք է եղել: Հասկանալի է, որ «հազարավոր տարիները» մենք սարկազմով ենք նշել այստեղ, բայց Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը նման ենթատեքստ ուներ: Այդ զիջողականության հետևանքն այն է, որ այսօր Հայաստանի ամենառազմավարական մարզի մի զգալի մասի հետ ցամաքային կապը խիստ վտանգավոր «այլընտրանքային» ճանապարհով է ապահովվում:

Ինչ վերաբերում է օդային կապին, ապա դա ընդհանրապես անհուսալի է, քանի որ ամենից անվտանգ բանը չէ՝ թռիչքներ անել թշնամու կրակոցների «ուղեկցությամբ»: Ավելին, ադրբեջանական կողմից ակտիվորեն հայտարարություններ են հնչում, որ իրենք ոչ մի դեպքում թույլ չեն տալու «Սյունիք» օդանավակայանի կանոնավոր շահագործումը: Այսինքն, թշնամին այն աստիճանի է լկտիացել, որ բացեիբաց հայտարարում է իր մտադրությունների մասին ու դրանք ակնհայտորեն ցուցադրում: Ու դա գալիս է Նիկոլ Փաշինյանի կառավարած իշխանության թուլությունից, եթե չասենք՝ թույլիկությունից, որը հանրության վրա «իրացնում» են որպես «խաղաղության օրակարգ»:

Ի դեպ, հատկանշական է և այն, թե ինչպես էր մատուցվում հենց վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի այցը պաշտոնական հաղորդագրություններում՝ «ներկայացուցչական չվերթ»: Զավեշտ է, երբ երկրի ներսում ոչ թե առաջին դեմքի, այլ նրա ենթակաների տեղաշարժը, լինի օդով, ջրով, թե ցամաքով, մատուցվում է որպես «ներկայացուցչական»: Հազիվ թե կարելի է մտաբերել նման դեպք «նախկինների» ժամանակներից, որ որևէ փոխնախարար մեկներ այս կամ այն մարզ ու դա նշվեր որպես «ներկայացուցչական այց»:

Ա՜խ, որքան են այս մարդիկ սիրում «փուչիկներ»: Այնքան, որքան սիրում են ասֆալտ կամ «ասփալտ փռել»: Ի դեպ, «փռելը» նաև ուղիղ իմաստով, որովհետև պարզվում է, որ փաշինյանական իշխանության հաղթաթուղթ-այցեքարտը՝ ասֆալտը, այնպես է փռվում, որ շատ տեղերում կարելի է պարզապես ոլորել ու «հավաքել»: Ասենք, դրա մասին արդեն ընդդիմադիրները չէ, այլ հենց իրենք են բացահայտ խոսում, հայտարարում «փակ քննարկումների» ժամանակ, որոնք, ինչպես հետո պարզվում է ու խայտառակության առիթ տալիս, այնքան էլ «փակ» չէին, այլ տեսանկարահանվում էին: Ինչպես «փակ» չէր այն քննարկումը, որտեղ Նիկոլ Փաշինյանի էկոնոմիկայի նախարարը խոստովանում էր, որ իրենց խոստումների կեսը փուչ է դուրս գալիս, իսկ ինչ էլ նշել են, որ կատարեն, թերի է կատարվում: Այ, նման դրսևորումներն են կարևոր, այլ ոչ թե փիարի համար ցուցադրվողները:

Տեսանյութեր

Լրահոս