Ինչպե՞ս խուսափել արևային այրվածքներից. երեխաների մաշկի ճիշտ խնամքն ու պաշտպանությունն՝ ամռանը
Գաղտնիք չէ, որ հատկապես երեխաները շատ են սիրում ամառը՝ ողջ օրը գրեթե անցկացնելով դրսում: Հետևաբար, պետք է հիշել, որ արևի ճառագայթները որոշակի վտանգ են պարունակում։ Իսկ հանգստի մեկնելիս չպետք է մոռանալ արևի, ծովի ջրի և մի շարք այլ գործոնների՝ երեխաների մաշկի վրա ունեցող ազդեցության մասին: Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց հանգստի մեկնելիս պետք է պատրաստվել, լուրջ ուշադրություն դարձնել և հետևել մաշկի խնամքին, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Ինչպե՞ս պաշտպանել երեխաների մաշկը արևային այրվածքներից, այսինքն՝ ի՞նչ անել, որպեսզի երեխան և՛ վայելի արևի ջերմությունը, և՛ չստանա արևային այրվածք: Երբ է սովորաբար երեխաների մոտ արևային այրվածքի նշաններն ի հայտ գալիս. այս և շատ այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ-վիրաբույժ Նարեկ Ալոյանը:
Մասնագետը նշում է, որ արևային այրվածքը, ինչպես սովորական արևայրուքը, մաշկի վրա թողնում է կարմիր, տաք և ցավոտ հետք, իսկ ծանր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ, երեխան կարող է ունենալ ջերմություն, դող, գլխացավ և ընդհանուր թուլություն:
«Երեխաների մոտ արևային այրվածքի նշանները սովորաբար ի հայտ են գալիս արևի տակ մնալուց 6-12 ժամ հետո և առավելագույն անհարմարություն են առաջացնում առաջին մեկ օրվա ընթացքում:
Եթե այրվածքը կարմիր է, տաք, ցավոտ, բայց ոչ ավելին, կարող եք ինքներդ այն մշակել՝ օգտագործելով սառը կոմպրեսներ կամ լողացնելով երեխային սառը ջրով։
Դուք կարող եք նրան ցավազրկող դեղամիջոց տալ՝ անհանգստությունը թեթևացնելու համար, բայց համոզվեք, որ դեղամիջոցը և դեղաչափը համապատասխանում են երեխայի տարիքին և քաշին»,- նշեց նա:
Բժիշկ Ալոյանն ընդգծում է, որ եթե այրվածքն առաջացնում է բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ կամ ընդհանուր թուլության զգացողություն, անպայման պետք է դիմել մանկաբույժին:
«Երեխայի մոտ ծանր արևային այրվածքը պետք է մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք: Իսկ եթե դրանք ծավալուն են, ապա նույնիսկ հոսպիտալացում է անհրաժեշտ, քանի որ բշտիկների միջով վարակը կարող է թափանցել, և ավելի լուրջ հակաբիոտիկ բուժում կպահանջվի։ Երբեմն ուժեղ արևային այրվածքը հանգեցնում է ջրազրկման կամ ուշագնացության, որն այս դեպքում կոչվում է ջերմային հարված։ Այս դեպքում անհրաժեշտ է նաև դիմել շտապօգնության»,- ասաց մասնագետը:
Մասնագետն ընդգծեց՝ մասնավորապես ծովափնյա հանգստի պարագայում ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի ակտիվ են առավոտյան 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածը, այդ ընթացքում արևի ճառագայթներն ունեն վնասակար ազդեցություն, իսկ մնացած ժամերին՝ հակառակը: Երեխաների պարագայում նույնպես շատ կարևոր է գրագետ և ճիշտ ընտրված արևապաշտպանի օգտագործումը, համապատասխան հագուստի ընտրությունը և արևապաշտպան ակնոցի կրումը:
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը: