Ուռուցքաբանը ցրել է քաղցկեղի մասին տարածված միֆերը
Վերջերս հրատարակված «Ճշմարտությունը քաղցկեղի մասին» գրքում օնկոլոգ Մաքսիմ Կոտովը ցրել է քաղցկեղի մասին հայտնի առասպելները:
Մասնավորապես, բժիշկը հերքել է քաղցկեղի վարակիչ լինելու մասին թյուր կարծիքը։
«Ուռուցքաբանական հիվանդություններն օդակաթիլային չեն, և հնարավոր չէ արյան կամ թքի միջոցով քաղցկեղով հիվանդանալ։ Չարորակ ուռուցք կարող է զարգանալ միայն մեկ բջջից, որը ձեռք է բերել անկառավարելի բազմանալու հատկություն, սակայն կորցրել է ապոպտոզի կարողությունը»,- ըստ shantnews-ի՝ ընդգծել է նա։
Ըստ բժշկի՝ ուռուցքի առաջացման պատճառը միշտ նույնն է՝ մուտացիան։
Մասնագետը նաև ցրել է խոշոր դեղագործական ընկերությունների դավադրության մասին առասպելը, ըստ որի՝ գիտնականներն իբր արդեն հորինել են քաղցկեղի բուժումը, բայց թաքցնում են այն և փող են աշխատում հիվանդների վրա։
Նախ, Կոտովը նշել է, որ քաղցկեղի բոլոր տեսակների համար չի կարող լինել մեկ բուժում, քանի որ հնարավոր չէ բոլոր տեսակի չարորակ ուռուցքները ծածկել բուժման մեկ մեթոդով։ Նա նաև նշել է, որ մոտավոր հաշվարկներով նման դավադրությանը պետք է մասնակցեր ավելի քան 500 հազար մարդ։
«Հնարավոր չէ, որ այսքան մարդ ինչ-որ գաղտնիք իմանա և պահի»,- վստահ է ուռուցքաբանը։
Ապացուցված է, որ մարդկանց 86 տոկոսը ցանկանում է ամեն ինչ իմանալ իր չարորակ գոյացության մասին՝ ինչպես է այն հայտնվել, ինչպես բուժել, ինչ մեթոդներ են կիրառվելու։ Հիվանդների մոտ 14 տոկոսը լիովին վստահում է բժշկին։
Ընդհանուր առմամբ, հիվանդները ցանկանում են, որ իրենց բուժման վերաբերյալ որոշումները կայացվեն համատեղ: