Բաժիններ՝

«Հսկիր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ»

Ուշադրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Մարդն իր ուշադրությունն ուղղում է այնտեղ, ինչն իր համար հետաքրքիր է, հաճելի, անհրաժեշտ և նշանակալից: Որտեղ ուշադրությունն է, այնտեղ էլ մարդն է: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձը արդյո՞ք բավարար ուշադրություն է դարձնում իր հոգևոր կյանքին և հոգու փրկությանը: Երբ մարդ պատրաստվում է բնակություն հաստատել հեռավոր մի երկրում, ապա նախապես հետաքրքվում է, թե ինչ երկիր է, ինչպիսի մարդիկ են այնտեղ ապրում և ինչ սովորություններ ունեն:

Իսկ դեպի հավիտենություն ուղևորվելու համար արդյո՞ք հետաքրքրվում է, թե ուր է գնալու, ինչ է իրեն սպասվում և ինչ է անհրաժեշտ: Սուրբ Գիրքը պարզորեն նշում է ակնհայտը. հավիտենական կյանքը կապված է ներկա կյանքի հետ, ինչ մարդ սերմանում է այստեղ, հավաքելու է այնտեղ. «Ինչ որ մարդս սերմանում է, նույնը կհնձի, ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6:8):

Հոգևորի հանդեպ անտարբեր մարդիկ նման են այն փոքրիկ երեխաներին, որոնք, իրենց սիրելի խաղալիքը տեսնելիս, մոռանում են ամեն ինչ, նույնիսկ՝ իրենք իրենց: Մարդու մեծագույն դժբախտություններից մեկն այն է, որ նա, զբաղվելով աննշանով, միաժամանակ անուշադրության է մատնում ամենակարևորը. անուշադիր է այն ամենի հանդեպ, ինչ սպասվելու է իրեն հավիտենականում: Այսինքն՝ մարդ չի մտածում այլ բանի մասին, քան իր հաճույքները, ցանկություններն ու կրքերը բավարարելու:

Մարդու մեջ գործում են մի շատ կրքեր, ինչի պատճառով հայրաբանական գրականությունը հորդորում է կառավարել ուշադրությունը: Եթե մարդու սրտից բխեր աստվածային սերն ու ջերմությունը, ապա անհրաժեշտ չէր լինի կառավարել ուշադրությունը, քանի որ այն առանց հարկադրանքի և ջանքի կձգտեր դեպի Աստված և Աստծու պատկերը՝ մարդը:

Վերջին ընթրիքից հետո Հիսուս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնաց Գեթսեմանի այգի և սկսեց տխրել ու տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան, մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»: Եվ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրա ընկավ գետին և աղոթում էր: Աղոթքից հետո Հիսուս եկավ և քնած գտավ առաքյալներին և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ: Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: Քրիստոս նորից գնաց, աղոթքի կանգնեց, երբ կրկին անգամ դարձավ այնտեղ, նրանց կրկին քնի մեջ գտավ: (Մարկ. 14:32-42):

Տեսանելի է, թե ինչպես ամենանախանձախնդիր առաքյալները, կորցնելով զգոնությունն ու հոգու առույգությունը, տրվել էին մարմնական տկարությանը և չէին կարողանում արժանապես կրել փորձությունը, որ սպասում էր իրենց: Թեև Քրիստոս առաքյալներին ասաց, որ արթուն մնան, Իր հետ հսկեն և աղոթեն, բայց առաքյալներն անհոգության մատնվեցին, ինչը նրանց տարավ մեծ փորձության: Երբ եկան Քրիստոսին ձերբակալելու, Պետրոս առաքյալը հանեց իր սուրը և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը, բայց նա փոքրոգություն ցուցաբերեց և ուրացավ Քրիստոսին, երբ իրեն երեք անգամ հարցրին, թե՝ ճանաչում է Նրան:

Ըստ ավանդության՝ Պետրոս առաքյալն իր ողջ կյանքի ընթացքում, երբ լսում էր աքաղաղի ձայնը, սկսում էր լաց լինել, թեև արդեն ներվել էր և վերականգնվել առաքելական պաշտոնում: Այսպիսով, առաքինության ձգտող անձն էլ, անհոգության մատնվելու դեպքում, անկում է ունենում:

Պատահաբար չէր, որ երբ Քրիստոս խոսեց աշխարհի վախճանի մասին, Իր խոսքն սկսեց՝ ասելով՝ զգու՛յշ եղեք (Ղուկ. 21:34), այսինքն՝ ուշադրություն դարձրեք ոչ այնքան իրադարձությունների արտաքին կողմին, որքան ձեր ներքին հոգեվիճակին: Ըստ հայրաբանության՝ այդքան կարևոր չէ, որ մարդիկ կենտրոնանան աշխարհի վախճանի նշանների վրա, որքան հետևեն իրենց, ինչից կախված կլինի այն, թե ինչպիսի հոգևոր պատրաստվածությամբ կդիմավորեն այդ իրադարձությունները:

Մարդու հոգին անմահ է և կոչված՝ Աստծու հետ միավորվելու, սակայն կործանարար թմբիրի մեջ գտնվելով՝ չի գիտակցում, որ մահը կարող է անսպասելի այցելել իրեն և զրկել Աստծու ներկայության մեջ ապրելու երանավետ հնարավորությունից: Մարդու բնությունը վնասված է մեղքի պատճառով և այն հնարավոր չէ վերականգնել այլ կերպ, քան զղջման և ապաշխարության ու բարու մեջ հարատևելու միջոցով: «Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. 12:14),- հորդորում է Տերը Պողոս առաքյալի շուրթերով:

Երկնքի Արքայությունը չի տրվում որպես պարգև՝ առանց ջանքի, ապաշխարության և մշտական բարի գործերի, չի տրվում նրանց, ովքեր անհոգ են և անտարբեր: Քրիստոս ասում է, որ նեղ դուռը և նեղ ճանապարհը տանում են դեպի հավիտենական կյանք, իսկ լայն դուռն ու ընդարձակ ճանապարհը դեպի կորուստ են տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով (Մատթ. 7:13-14): Քրիստոս մատնանշում է նաև, որ հզորներն են հափշտակելու Երկնքի Արքայությունը (Մատթ. 11:12): Դեպի Երկինք տանող ճանապարհին մարդը շրջապատված է բազմաթիվ արգելքներով. աշխարհը մարդու ուղին խոչընդոտում է իր գայթակղություններով, կեղծիքներով և հալածանքներով:

Հարկավոր է զգոն լինել և Աստծով հաղթել թշնամիներին՝ երկնային հայրենիքին արժանանալու համար, քանի որ միայն հաղթողին Քրիստոս թույլ կտա նստելու Իր հետ Իր աթոռին (Հայտն. 3:21): Այդ ճանապարհին քրիստոնյայի ուղեկիցները պետք է լինեն խոնարհությունը, հոգու քաջությունը, անսասանելի հույսը և առ Աստված ապավինությունը: «Տերն Իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ: Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սաղմ. 26:1;3): Կատարելության ուղին ոտք դրած անձը չպետք է ընկճվի սխալներից և կանգ առնի: «Մարդու հոգին,- ուսուցանում է Ս. Գրիգոր Մեծը,- այս աշխարհում նման է նավի, որ լողում է ջրի հոսանքին հակառակ: Ոչ մի տեղում այն չի կարող կանգ առնել և եթե ջանքեր չգործադրի առաջ գնալու համար, ապա դատապարտված է անդունդում հայտնվելու»:

Ս. Բարսեղ Կեսարացին Քրիստոսի հետևորդներին հորդորում է և ասում. «Հսկի՛ր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ. քայլի՛ր թագավորական արահետներով: Քննի՛ր ինքդ քեզ, իմանալու համար, թե ով ես: Ճանաչի՛ր բնությունդ: Մահկանացու է մարմինդ, անմահ է հոգիդ: Կրկնակի է մեր կյանքը. մարմնին, որն իսկույն անցնում է, և հոգուն բնորոշ կյանքը, որը վախճան չունի: Հսկի՛ր քեզ, ընթացքդ մի՛ արգելակիր մահկանացու իրողությունների առաջ, կարծես դրանք հավիտենական լինեն, և մի՛ արհամարհիր հավիտենականները, կարծես անցողիկ լինեն դրանք»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս