Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։
«Օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քալբաջարի շրջանի տարածքով անցնող հատվածում ԱՀ պետական սահմանի խախտման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»,- հայտնել է ադրբեջանական կողմը։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից АПА-ին հայտնել են, որ Գագիկ Ոսկանյանը «որպես մեղադրյալ ներկայացվել է պատասխանատվության՝ քրեական օրենսգրքի 206.3.2, 214.2.1, 214.2.3 և 318.2 հոդվածներով, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:
«Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։