Անչափահաս աղջկան բռնության ենթարկելու տեսանյութը նկարահանվել է Գավառում. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Համացանցում տարածված՝ անչափահաս աղջկան բռնության ենթարկելու մասին տեսանյութը նկարահանվել է Գավառում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:
Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: