Վիրաբույժը զգուշացրել է տաք թեյի անսպասելի վտանգի մասին
Հաճախ շատ տաք թեյ խմողների մոտ կարող են զարգանալ մի քանի վտանգավոր ուռուցքաբանական հիվանդություններ, ասել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Ըստ shantnews-ի՝ նա NEWS.ru-ին տված հարցազրույցում խոսել է հայտնի ըմպելիքի անսպասելի վտանգի մասին։
Ըստ Ումնովի՝ առհասարակ տաք սննդի օպտիմալ ջերմաստիճանը 50-60 աստիճան է, իսկ շատ տաք սնունդ ուտելը սպառնում է կոկորդի և կերակրափողի քաղցկեղով։
«Շատ տաք սնունդ կամ ըմպելիք ընդունելիս առաջանում է լորձաթաղանթի վնասում և, որպես հետևանք, էպիթելային դիսպլազիա։ 70 աստիճան և բարձր ջերմաստիճանով թեյի ամենօրյա օգտագործումը կրկնապատկում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ կերակրափողի քաղցկեղի դեպքում՝ ութ անգամ»,- զգուշացրել է բժիշկը։
Վիրաբույժն ընդգծել է, որ թեյի ջերմաստիճանի նույնիսկ աննշան նվազումը, օրինակ՝ չորս աստիճանով, կրկնակի նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Բացի այդ, Ումնովն ընդգծել է, որ չափազանց տաք թեյը զգալիորեն քայքայում է ատամի էմալը։ Դրանում, նշել է փորձագետը, առաջանում են միկրոճաքեր, որոնց մեջ մտնում են բակտերիաներ, արդյունքում առաջանում է կարիես։