Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ. Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր հանդիսացող Կ.Հ.-ի նկատմամբ, ըստ որի` վերջինս կազմակերպել է փողերի լվացում, մասնավորապես՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Ս.-ի և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի կողմից ձևական պայմանագրի կնքմամբ կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը` նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը:
Կ.Հ.-ն, հաստատապես տեղեկացված լինելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից 2015-2016թթ. ընթացքում որպես անդամակցության վճար ավել փոխանցված, ինչպես նաև այլ պատրվակներով փոխանցված և այդ կերպ հափշտակված գումարների առկայության մասին, հանցավոր մեխանիզմի մշակմամբ, նպատակադրվել է կազմակերպել և իրականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գումարների (փողերի) լվացումը:
Հանցավոր մտադրությունն իրագործելու դիտավորությամբ, ձևական քաղաքացիաիրավական գործարք կնքելու արդյունքում, «Հերացի» արհեստակցական կազմակերպության բանկային հաշիվներում գտնվող, հանցավոր ծագում ունեցող գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 16.800.000 ՀՀ դրամին օրինական տեսք տալու և այն օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ հիշյալ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և դրա փոխանցումն ապահովելու նպատակով` Կ.Հ.-ն հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ, «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դ.-ի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ, որից հետո Ռ.Դ.-ն 2016թ. հուլիսի 19-ին իր աշխատակիցներից Ա.Ա.-ի անվամբ հիմնել է «Արև-շին» ՍՊ ընկերությունը՝ անձամբ ղեկավարելով այն: Կ.Հ.-ի կազմակերպմամբ դեռևս իրավաբանորեն չգրանցված «Արև-շին» ՍՊ ընկերության և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի միջև 2016թ. հուլիսի 1-ին արդեն իսկ կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր՝ «Արև-շին» ՍՊ ընկերության կողմից իբրև 2016թ. հուլիսի 19-ից 23-ը և հուլիսի 22-ից 26-ը երկու փուլով «Դավթյան հայր և որդիներ» ՍՊ ընկերությանը պատկանող, Սևան քաղաքում գտնվող «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:
«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, Կ.Հ.-ի կազմակերպմամբ շարունակելով հանցավոր մտադրության իրականացմանն ուղղված գործողությունները, հանցավոր ճանապարհով ստացված վերը նշված 16.800.000 ՀՀ դրամ գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը թաքցնելու և կանխիկացումն ապահովելու նպատակով, հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 2016թ. հուլիսի 20-ին և 25-ին՝ յուրաքանչյուր դեպքում 8.400.000 ՀՀ դրամ, բանկային փոխանցումների եղանակով փոխանցել է «Արև-շին» ՍՊ ընկերության բանկային հաշվին, որը 2016թ. հուլիսի 27-ին բանկի Սևանի մասնաճյուղից Ա.Ա.-ն Ռ.Դ.-ի պահանջով կանխիկացրել և փոխանցել է վերջինին, ով այդ գումարները ստանալուց հետո, Կ.Հ-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, դրանից 3.360.000 ՀՀ դրամը վերցրել է իբրև հիշյալ գործարքի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարման գումար, իսկ մնացած 13.440.000 ՀՀ դրամ գումարը Սևան քաղաքում տվել է Կ.Հ.-ին:
Այնուհետև, «Աստերիս» հանգստյան գոտում Հիմնադրամի որևէ աշխատակցի հանգիստը փաստացի չկազմակերպելով՝ 2016թ. հուլիսի 29-ին «Հերացի» արհեստակցական կազմակերպության և «Արև-շին» ՍՊ ընկերության միջև կազմվել և ստորագրվել է ծառայությունների մատուցման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ ակտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Հ.-ն քրեական վարույթով վերը նշված դրվագով գործարքներ իրականացրած անձանց վարույթն իրականացնող մարմին կանչելուց անմիջապես հետո՝ 2023 թվականի ապրիլի 20-ին, հեռացել է ՀՀ-ից:
Վարույթն իրականացնող մարմինը Կ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է և հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: