Մինսկն անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ է տեսնում՝ ի դեմս ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և BRICS-ի
Բելառուսն ի դեմս ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և BRICS-ի տեսնում է անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան XI խորհրդաժողովում։
«Պետք չէ զարմանալ, թե ինչու է Բելառուսի Հանրապետությունն ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ձգտում է ՇՀԿ-ին և BRICS-ին: Մենք պարզապես այդ կազմակերպություններում տեսնում ենք անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ ժողովուրդների միավորման միջոցով», – նախարարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
Նրա խոսքով՝ գործադրվող «ինտեգրացիոն ջանքերը խորտակում են Արևմուտքի պլանները»։
«Պատահական չէ, որ փորձեր են արվում տարաձայնություններ մտցնել պետությունների միությունների մեջ, անջատել երկրները միմյանցից, նրանց ներքաշել գործելակերպի արևմտյան նեոգաղութատիրական մոդելի մեջ»,- ասել է Խրենինը։
Նա ընդգծել է, որ նման նկրտումների շրջանակներում դաշնակիցներին առաջարկվում են համագործակցության տարբեր այլընտրանքային ձևաչափեր, տնտեսական ու ֆինանսական նախապատվություններ։
«Չեմ ուզում կրկնել, թե երկարաժամկետ հեռանկարում որքան վտանգավոր է միասնության խախտումը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ձևաչափերում», – ասել է Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարը։