«Ինքնաբացարկ չհայտնելու Գիվի Հովհաննիսյանի որոշումը հավասարազոր էր Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու որոշմանը». Ռուբեն Մելիքյան
Դատարանը երկու ամսով կրկին երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը, այս մասին տեղեկացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել էր հունիսի 15-ին, մեկ օր անց Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը երկու ամսով նրան կալանավորվելու վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին դատարանի կայացրած որոշմանը, նշեց՝ բնականաբար, նման որոշման կայացումն իր համար սպասելի էր, քանի որ այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել տարբեր իրավաբանների հետ։
«Կարող եմ ասել, որ իրավաբանների ընդհանուր կարծիքն այն էր, որ այստեղ որևէ ակնկալիք լինել չէր կարող։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա Արմեն Աշոտյանի փաստաբանները շատ բաց խոսում էին ակնկալիքի բացակայության մասին, ինչը հազվադեպ է լինում։ Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ լինելով քաղաքական բանտարկյալ, Արմեն Աշոտյանի գործը մակագրվել էր մի մարդու, որի ընտանիքի անդամները Մարտի 1-ի գործով որոշակի դերակատարություն են ունեցել։ Այդ պայմաններում, կարծում ենք, ամենևին էլ պատահական չէ գործը դատավոր Գիվի Հովհաննիսյանին մակագրելը։
Ընդ որում, Գիվի Հովհաննիսյանը դատավոր է դարձել վերջերս՝ նիկոլական իշխանության օրոք, հասկանալի պատճառներով։ Մարդ, որը, կարծում եմ՝ քաղաքական ճնշման կարիք էլ չուներ այս որոշումը կայացնելու համար։ Շատ հստակ քաղաքական պատճառներով պայմանավորված՝ նա ուներ նախատրամադրվածություն»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ նման պայմաններում դատավորին ինքնաբացարկ հայտնելն ամբողջովին հիմնավոր էր։
«Ինքնաբացարկ չհայտնելու դատավորի որոշումը հավասարազոր էր Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու որոշմանը։
Ուզում եմ հատուկ նշել, որ ոչ միայն Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց, այլև շարունակում է ուժի մեջ մնալ, այդ թվում՝ երեխաների և ընտանիքի անդամների հետ շփման արգելքը։ Այսինքն՝ դատավորը քննչական մարմնի բոլոր միջնորդությունները բավարարել է, կրկնում եմ՝ սա անսպասելի չէր, ակնկալելի էր։
Արմեն Աշոտյանի գործը քաղաքական գործ է, և դրանով նաև պայմանավորված՝ մենք իմացանք, որ բազմաթիվ ձայնագրություններ են եղել, մի քանի ժամանոց։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ ապացույցներ չկան և ապացույցներ չլինելու պայմաններում դա լցնում են, այսպես ասած, աղմուկով՝ որևէ ապացուցողական նշանակություն չունեցող, Արմեն Աշոտյանի հետ կապ չունեցող աղմուկով։ Ընդ որում, կա տեղեկություն, որ սղագրությունները կարևոր տեղերում չեն համապատասխանում ձայնագրություններին։ Արմեն Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը մեկ անգամ ևս հաստատվեց, և նա անազատության մեջ է՝ որպես քաղբանտարկյալ»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։